Շրթունքների եւ հոնքերի տատուաժն սկսվում է 20.000 դրամից մինչեւ 50.000 դրամ: Այս են ցույց տալիս NEWS.am-ի անցկացրած հարցումները այդ ծառայությունը առաջարկող երեւանյան կենտրոնների շրջանում:

Վերջին շրջանում շրթունքների եւ հոնքերի տատուաժների նկատմամբ պահանջարկը հատկապես մեծանում է երիտասարդ աղջիկների, կանանց շրջանում: Տատուաժի պահպանման տեւողությանը տարբեր կենտրոններում տարբեր էին նշում` 1-6 տարի: Հնարավոր է` ընթացքում շտկումների կարիք լինի, որպեսզի պահպանի տեսքը:

Շրթունքների եւ հոնքերի տատուաժի առավելությունը որոշակի ժամանակով մշտական հարդարված հոնքեր, ներկված շրթունքեր, ընդգծված աչքեր ձեռք բերելն է, այն հնարավորություն է տալիս ազատվել  բարակ շրթունքներից, անձեւ եւ տգեղ հոնքերից: Տատուաժը ունի մի առանձնահատկություն` դիմահարդարման ժամանակ ներկը ներարկվում է մաշկի մեջ: Մաշկաբանները այս մեթոդին միանշանակ գնահատական չեն տալիս: «Այդ գործընթացը բավականին ցավոտ է: Միկրոպեգմենտացիայի գործընթացը տեւում է շուրջ 2.5 ժամ` ներառյալ պիլինգը, ներկի ընտրությունը եւ կոնտուրի գծագրումը: Հնարավոր է այտուցների ժամանակավոր առաջացում` մինչեւ մաշկն ընդունի գունաներկերը, իսկ վերջնական տեսքը կարելի է տեսնել 1-2 շաբաթ անց»,- նշված է բժշկական գրականության մեջ:

Տատուաժը հակացուցված է հերպես, մաշկային խնդիրներ, ալերգիկ հատկություններ ունեցողներին, ցանկացած միկրոբ կարող է դառնալ բորբոքման պատճառ, ասեղները պետք է լինեն մեկանգամյա օգտագործման, նման գործընթացը սկսելուց առաջ պետք է հաճախորդները խորհրդակցեն մաշկաբանների հետ, որովհետեւ տատուաժի  դեպքում ներկերը տարածվում են արյունատար անոթներով եւ կուտակվում լիմֆոտիկ հանգույցներում:

«Տատուաժի նյութերը հիմնականում բնական են, բայց միեւնույն է, ներկ են»,- հայտնեցին «Տատու-արտ» ակումբում: Այդ ծառայությունը առաջարկող կենտրոններից մեզ հայտնեցին, որ այն բացասական ազդեցություն չի կարող ունենալ առողջության վրա եւ երբեւէ բարդություններ չեն լինում:

«Շուրթերի տատուն նկարում ես, ըստ նախասիրության` բարակ, թե հաստ կոնտուրով, անզգայացվում է էմլայով, եթե անհրաժեշտ է լինում, սրսկումներ են անում, ընտրում ես գույնը եւ դաջում ես»,- ասաց «Էնջլ» գեղեցկության կենտրոնի տատու անող, կոսմետոլոգ Լիլիթ Ավետիսյանը: Նրա ներկայացմամբ` հոնքերի տատուաժի դեպքում եւս նկարում են, կտրում ավելորդ մազերը, քսում էմլան, որպեսզի անզգայանա, 20 րոպե պահում եւ դաջում:

Լիլիթ Ավետիսյանը նշեց, որ տատուաժի ընթացքը ցավոտ չի լինում, հակացուցումներ եւս չկան, որովհետեւ լավ նյութերով են իրականացվում: «Պետք է 4 օր արեւ տակ չլինի, չպոկի, որ ներկը դուրս չգա, իսկ հետո, եթե անհրաժեշտ լինի, կարեկցիա անի»,- նշեց նա: Եթե հանկարծ տատուաժը չեն հավանել, ապա դա մաքրում են լազերով, որը, սակայն, Լիլիթ Ավետիսյանի խոսքով, այդքան էլ արդյունավետ չէ:

«Էլիտ»  գեղեցկության կենտրոնում շրթունքների եւ հոնքերի տատուաժը արժե 20.000-25.000 դրամ, «Ջուդի» կենտրոնում` 20.000 դրամ, «Տատուարտ քլաբ»-ում շրթունքների տատուաժը արժե 35.000 դրամ, իսկ հոնքերինը` 25.000 դրամ:

«Մարավիլյա» կենտրոնից տատուաժի մասնագետ Կառան մեզ հայտնեց, որ սկզբում ցավազրկում են, որոշում ֆորման, իսկ ընթացքը երկու տիպի է արվում` լցնելով եւ շտրիխային, ըստ որում` շտրիխայինը ավելի բնական է, լցնելովը կատարվում է լիցքով: Այս կենտրոնում շրթունքների եւ հոնքերի տատուաժը արժե 30.000 դրամ:

Հետաքրքիրն այն է, որ արական սեռի ներկայացուցիչների շրջանում տարբեր են մոտեցումները շրթունքների եւ հոնքերի տատուաժ արած իգական սեռի ներկայացուցիչների հանդեպ: Օրինակ` կենտրոններից մեկում տղամարդ վարսահարդարներից մեկն ասաց, որ զզվում է տատուաժ արած աղջիկներից եւ կանանցից. «Ինչ ուզում է անի, մեկ է, եթե մարդը գեշ է, կյանքում չի սիրունանա: Գալիս են անկապ տեղը իրենց ցավեցնում եմ մի անկապ բանի համար, ես դեմ եմ դրան»,- ասաց տղամարդ վարսահարդարը:

Ի դեպ, առաջիկայում NEWS.am-ը կանդրադառնա նաեւ պլաստիկ վիրահատություններին:

Շարունակելի

 

Պատրաստեց Ինգա Մարտինյանը