Տարեցտարի Հայաստանում աճում է այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են պլաստիկ վիրահատություններ անել, ըստ որում` մեզանում ամենից շատ ցանկանում են ազատվել «հայկական քթից», ապա` տարածված են փորի, ականջի, կրծքի վիրահատությունները, ինչպես նաեւ լիպոսակցիան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Հովհաննիսյանը:
Ինչպես եւ խոստացել էր NEWS.am-ը, «Ի՞նչ արժե հարդարված հոնքեր եւ ներկված շրթունքներ ունենալը կամ պարզապես տատուաժը. Գներ, հարցումներ» նյութից հետո անդրադառնում է պլաստիկ վիրահատություններին, դրանց գներին եւ մի շարք այլ մանրամասների:
Պլաստիկ վիրահատությունները կատարվում են երեւանյան գրեթե բոլոր հիվանդանոցներում: Դրանց դիմում են ամենատարբեր մարդիկ` սկսած հայտնիներից, վերջացրած «անհայտներով»: Ընտ որում, Արմեն Հովհաննիսյանի խոսքով, պլաստիկ վիրահատության դիմողները պարտադիր չէ, որ ունենան հոգեբանական բարդույթներ, կոմպլեքսներ եւ այլն: Բժշկի խոսքով, մեզանում պլաստիկ վիրահատությունների դիմում են ոչ միայն կանայք, այլեւ տղամարդիկ, ընդ որում, տղամարդիկ դիմում են քթի, փորի պլաստիկ վիրահատությունների, մազերի փոխպատվաստման:
Արմեն Հովհաննիսյանի ներկայացմամբ, եթե քթի վիրահատության հիմնականում դիմում են երիտասարդ տարիքում, ապա փորի պլաստիկային` միջին տարիքում, երեխա ունենալուց հետո: Իսկ հետույքի վիրահատության համար քչերն են առայժմ դիմում:
Եթե փորի պլաստիկայի դեպքում հեռացվում է ավելորդ մաշկը եւ ճարպը, ապա լիպոսակցիայի դեպքում ճարպի ավելցուկն է հեռացվում: Պլաստիկ վիրահատության միջոցով գեղեցիկ քիթ, հետույք կամ կրծքեր ձեռք բերելու համար առավելագույնը մեկ ամիս է պահանջվում` նախավիրահատական եւ հետվիրահատական շրջանները ներառյալ:
Քթի վիրահատությունը Երեւանում սկսվում է 250-600 հազար դրամից, ականջինը` 200 հազար դրամից, փորի պլաստիկան արժե 400 հազար դրամ, կրծքինը` 400 հազար, ինչպես նաեւ որակյալ իմպլանտները, որոնց արժեքը 1000 եվրո է, լիպոսակցիան` 100 հազար դրամ:
Արմեն Հովհաննիսյանի խոսքով, պլաստիկ վիրահատությունից առաջ անպայման պետք է բուժզննում անցնել, համապատասխան անալիզներ հանձել` վիրահատության ժամանակ անցանկալի բարդություններից խուսափելու համար: Բոլոր վիրահատությունները, այդ թվում` պլաստիկն, իրենց մեջ որոշակի վտանգ են պարունակում: «Վիրահատությունը տրավմատիկ միջամտություն է, եթե տրավամատիկ է, ապա անզգայացման կարիք կա:
Իսկ անզգայացումն էլ լինում է կամ տեղային, կամ ընդհանուր: Որոշակի բարդությունների առկայությունը, հատկապես` պլաստիկ վիրաբուժության մեջ, նույնիսկ եթե դա ինչ-որ փոքր սպի է, անցանկալի է»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը: Պլաստիկ վիրահատությունից նաեւ մահվան դեպքեր են լինում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում. «Ճիշտ, լիարժեք հետազոտության դեպքում, հնարավոր կլինի շատ-շատ բարդություններից խուսափել:
Եթե ճիշտ կատարվի վիրահատությունը, նախավիրահատական եւ հետվիրահատական շրջանը եւս ճիշտ լինի, ապա բարդություններ չեն լինի»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը` հավելելով, որ այդ վիրահատությունները նոր չեն, դրանք տարիներ շարունակ մշակվել են լավագույն գիտնականների, բժիշկների կողմից եւ տարեցտարի կատարելագործվում են:
Կարեւոր է նաեւ, որ պլաստիկ վիրահատության ցանկացած տեսակի դիմելիս հաշվի առնվեն նաեւ մարմնի չափսերը, որպեսզի ամեն ինչ ներդաշնակ լինի: «Երբեմն դիմում են եւ ասում, որ այսպիսի մեծ կուրծք ենք ուզում այս աստղի կրծքի նման` առանց հասկանալու, որ այդպես չի լինում»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը: Պլաստիկ վիրահատությունների դեպքում եւս գործում է հայտնի ասացվածքը` ճաշակին ընկեր չկա, առավել եւս` անճաշակին: Բժշկի ներկայացմամբ, հիվանդները, երբեմն տարվելով նորաձեւությամբ. կարող են անճաշակ բաներ ուզել:
«Գեղեցկությունը ներդաշնակության, համաչափության մեջ է: Ամեն մարդ յուրովի գեղեցիկ է, պետք է անպայման հաշվի առնել այդ մարդու անհատական տվյալները»,- ասաց նա: Այնպես որ, իգական սեռի սիրելի ներկայացուցիչներ, Ջենիֆեր Լոպեսի հետույքից կամ Պամելա Անդերսենի կրծքից ուզելուց առաջ պետք է նախապես մտածել:
Վերջում, նշենք, որ պլաստիկ վիրահատությունների անելու-չանելու վերաբերյալ տարբեր տեսակետներ կան: Դրանց դեմ, որպես փաստարկ, նշվում է, որ պլաստիկ վիրահատությունները դեմ են բնությանը եւ մարդը պետք է ունենա այն տեսքը, ինչ տվել է Աստված: Արմեն Հովհաննիսյանը հակադարձում է այս արտահայտությանը` ասելով, որ եթե Աստված արատով երեխա է ստեղծում, ապա դա չվերականգնե՞լ, չփոխե՞լ. «Հավատը իր տեղն ունի, Աստված իր տեղն ունի, եթե մարդ ցանկանում է գեղեցկանալ, ապա այդ ցանկությունը պետք է բավարարվի, երիտասարդ, առողջ, գեղեցիկ լինելու ցանկությունը շատ բնական է»:
Ինչ վերաբերում է մյուս փաստարկին, թե քիթը վիրահատելով կկորի «խառակտերը», բժշկի խոսքով` հակառակն է` դրանից հետո մարդիկ իրենց ավելի լավ են զգում, ավելի ինքնավստահ եւ երջանիկ: Ամեն դեպքում, Արմեն Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս շատ չհրապուրվել պլաստիկ վիրահատություններով: «Կան մարդիկ, ովքեր չափազանց սիրում են հրապուրվել պլաստիկ վիրաբուժությամբ եւ իրենք իրենց ամբիցիաների ձեռքը կրակն են ընկնում, մեզ էլ հետն են գցում: Վիրահատությունը ինքնանպատակ չպետք է լինի, այն պետք է ծառայի նոր, գեղեցիկ որակ ստանալուն»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը եւ մեր զրույցի ավարտին բոլորին մաղթեց` լինել առողջ եւ գեղեցիկ:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը




























