Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` հունիսի 24-ին մերժել է Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի: Հայցը մերժվել է ամբողջությամբ` «անհիմն լինելու հիմքով»: Պատգամավորն իր հայցով պահանջում էր պարտավորեցնել թերթին` հրապարակել իր կողմից ներկայացված պատասխանը «Իրավունք»-ի այս տարվա փետրվարի 22-ի համարում տպագրված «Կլորիկ գումա՞ր է «կրվել»» խորագրով հոդվածի վերաբերյալ եւ բռնագանձել 3 միլիոն դրամ` որպես իր պատվին եւ արժանապատվությանը պատճառած վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ 586 հազար դրամ` փաստաբանական ծախսերի եւ 68 հազար դրամ` որպես վճարված պետական տուրք: Ուշագրավ է, որ դատարանը ոչ միայն մերժել է հայցը, այլ նաեւ որոշել է Արզաքանցյանից բռնագանձել 10 հազար դրամ` որպես «գործով չվճարված պետական տուրքի գումար»:
«Իրավունք»-ի խմբագրությունն այս առթիվ հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Սա առաջին դեպքն է, երբ դատարանը մերժում է օլիգարխի հայցն ընդդեմ լրատվամիջոցի»:
NEWS.am-ը կապվեց Տիգրան Արզաքանցյանի հետ` պարզելու նրա վերաբերմունքը դատարանի որոշման առնչությամբ: Արզաքանցյանը, ով մասնակցում էր հունիսի 22-ից մեկնարկած ԱԺ արտահերթ նստաշրջանին, պարզվեց կրկին լքել է Հայաստանը: «Ես գործուղման մեջ եմ, Հայաստանում չեմ, տեղյակ չեմ` ինչն ինչոց է, դատարանն ինչ է արել»,-հայտարարեց Արզաքանցյանը` հավելելով, որ դատարանի որոշման մասին իր դիրքորոշումը կհայտնի միայն այն ժամանակ, երբ կկապվի իր փաստաբանների հետ:
Հարցին, թե վճարելո՞ւ է դատարանի սահմանված 10 հազար դրամ բռնագանձումը, պատգամավորն արձագանքեց. «Խնդրում եմ, ինձ նման հարցեր մի տվեք, էլի: Երկուշաբթի կխոսենք»: Արզաքանցյանն, ի դեպ, այդպես էլ չհայտնեց, թե հատկապես որ երկիր է մեկնել գործուղման: «Ոչ մի տարբերություն չունի, թե որտեղ եմ»,-ասաց նա:



























