Հաագայի միջազգային քրեական դատարանը այսօր պետք է որոշի՝ տա՞լ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին եւ նրա շրջապատի մարդկանց կալանքի օրդեր, թե` ոչ։
Միջազգային դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն նախօրեին հայտարարել էր, որ քննությունը բավարար թվով ապացույցներ ունի առ այն, որ Քադաֆին, նրա որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը եւ լիբիական հետախուզության ղեկավար Աբդուլլա աս-Սենուսին մասնակից են մարդկության դեմ կատարված հանցագործություններին։
Խոսքը բողոքի ակցիաների մասնակիցների վրա բռնաճնշումների մասին է։
Լիբիական կառավարության ներկայացուցիչ Իբրահիմ Մուսսան հայտարարել էր, որ չնայած երկրում զինված հակամարտությանը՝ Քադաֆին մնում է «լիբիացի ժողովրդի պատմական ընտրությունը» եւ չի կարող հեռացվել իշխանությունից։




























