Պետական կառավարման ակադեմիայում այսօր` հունիսի 27-ին տեղի է ունեցել ակադեմիայի խորհրդի նիստը, որտեղ նոր ռեկտոր է ընտրվել:
Պետական կառավարման ակադեմիայից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդի նիստը վարել է խորհրդի նախագահ Գառնիկ Իսաղուլյանը, որի օրակարգում եղել է ակադեմիայի ռեկտորի ընտրության հարցը:
Ռեկտորի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթում սահմանված ժամկետներում, որպես ռեկտորի թեկնածու, առաջադրվել է Արսեն Լոքյանը: Խորհրդի նիստում ռեկտորի հավակնորդը ներկայացրել է ակադեմիայի զարգացման եւ բարեփոխման հայեցակարգը, պատասխանել խորհրդի անդամների հարցերին:
Ռեկտորի թեկնածության վերաբերյալ խորհրդի մի շարք անդամների ելույթներից հետո, ձեւավորվել է հաշվիչ հանձնաժողով, տեղի է ունեցել փակ (գաղտնի) քվեարկություն: Հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է քվեարկության արդյունքները, ըստ որոնց, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդի 20 անդամները միաձայն ռեկտորի թափուր պաշտոնում ընտրել են Արսեն Լոքյանին:




























