Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 28-ին ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ջ. Ափաթուրայի պաշտոնավարման ընթացքում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններն ավելի կամրապնդվեն:
ՆԱՏՕ-ի հետ ձեւավորված փոխշահավետ գործընկերության համատեքստում ՀՀ նախագահը կարեւորել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) արդյունավետ իրագործումը եւ հույս հայտնել, որ շուտով կհաստատվի Հայաստան-ՆԱՏՕ 2011-2012 նորացված ԱԳԳԾ-ն, ինչը թույլ կտա որակական նոր մակարդակի բարձրացնել փոխգործակցությունը:
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Գլխավոր քարտուղարն իրեն հանձնարարել է խորացնել արդեն իսկ որակյալ համագործակցությունը, եւ նոր պաշտոնում մտադիր է հասնել դրան: Նա նաեւ ՆԱՏՕ-ի անունից հատուկ շնորհակալություն է հայտնել եւ՛ Աֆղանստանում, եւ՛ Կոսովոյում ՆԱՏՕ-ի գործողություններին Հայաստանի զինուժի մասնակցության համար:
Ջեյմս Ափաթուրայը բարձր է գնահատել ՀՀ նախագահի նախաձեռնողական քայլերը` ուղղված ինչպես հարեւան երկրների հետ քաղաքական հարաբերությունների կարգավորմանն, այնպես էլ երկրի շարունակական բարեփոխումների իրականացմանը:
Զրուցակիցները քննարկել են օրեր առաջ տեղի ունեցած կազանյան հանդիպման արդյունքները, մտքեր փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ:




























