Միջազգային բուքմեյքերական գրասենյակները հավատում են, որ Թուրքիայի հավաքականն այսօր հաղթանակ կտանի Հայաստանի ընտրանու նկատմամբ աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք հանդիպմանը: Բուքմեյքերները Ֆաթիհ Թերիմի թիմին առաջիկա հանդիպման բացարձակ ֆավորիտ են համարում, ուստի նրա գործակիցը սահմանել են 1,25: Ոչ-ոքին գնահատվում է 4,5, Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 10 գործակցով: Բուքմեյքերների գնահատմամբ, Թուրքիա-Հայաստան խաղում պետք է դեղին քարտերի մեծ քանակություն սպասել:

Համաձայն միջազգային բուքմեյքերական՝ խոշորագույն William Hill գրասենյակի խաղադրույքների՝ Թուրքիայի հաղթանակը գնահատվում է 1,4, ոչ-ոքին՝ 9.2, Հայաստանի հաղթանակը՝ 11.1 գործակցով:

Նշենք, որ սա 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների 2-րդ հանդիպումն է: Նախորդ հանդիպումը կայացել է 2008թ. սեպտեմբերի 6-ին Երեւանում: Այն ժամանակ Հայաստանի հավաքականը պարտվեց 2:0 հաշվով: Առաջին գնդակը մեր հավաքականի դարպասում հայտնվեց միայն 59-րդ րոպեին Թունջայ Շանլիի հարվածից հետո, իսկ երկրորդը՝ Սեմիհ Շենթյուրքի՝ 77-րդ րոպեին:

Ընտրական հանդիպումը առիթ դարձավ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Հայաստան հրավիրելու համար: Խաղից առաջ Գյուլն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բանակցություններ վարեցին, որոնց ընթացքում պատրաստակամություն հայտնեցին կարգավորել երկու երկրների միջեւ առկա հակասությունները: Գյուլն առաջարկեց Սարգսյանին այցելել Թուրքիա՝ 2009թ. հոկտեմբերին կայանալիք պատասխան խաղը դիտելու, եւ Հայաստանի նախագահն ընդունեց հրավերը:

Այսօր Հայաստանի նախագահը կայցելի Բուրսա: Սպասվում է, որ երկու նախագահները կրկին կքննարկեն երկկողմ հարաբերությունները: