«Մենք հայկական ֆուտբոլային թիմին հյուրընկալ ընդունելություն ցույց կտանք»,- հայտարարել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ «Արդարություն եւ զարգացում» կառավարող կուսակցության անդամների հետ հանդիպմանը:

Ինչպես հայտնում թուրքական ZAMAN թերթը, նա նաեւ դիմել էր Թուրքիայի ֆուտբոլասերներին՝ խնդրելով մոռանալ քաղաքականության մասին Հայաստան-Թուրքիա խաղի ընթացքում, քանի որ երկու երկրները հանդիպում են որպես հարեւաններ, որ պատրաստվում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել: «Հայաստանի նախագահն ու հայկական ֆուտբոլային հավաքականը կտեսնեն, թե ինչ բան է թուրքական հյուրասիրությունը»,- նշել է վարչապետը՝ վստահություն հայտնելով, որ թուրք երկրպագուներն իրենց ճիշտ կպահեն:

Միեւնույն ժամանակ, ինչպես գրում է թերթը, Թուրքիայում աննախադեպ միջոցներ են ձեռնարկում հայկական թիմի անվտանգության ապահովման եւ խաղի ընթացքում սադրանքներից խուսափելու համար: Համաձայն թերթի աղբյուրների՝ Հայաստան-Թուրքիա խաղի տոմսերը չեն վաճառվում, այլ տրամադրվում են պոտենցիալ գնորդներին իշխանությունների խիստ վերահսկողության ներքո: Այդուհանդերձ, ZAMAN-ը գրում է, որ չնայած Բուրսայի նահանգապետի հավաստիացումներին, թուրք ազգայնականները արդեն քաղաքում 10 հազար ադրբեջանական դրոշ են փակցրել: Թերթը նաեւ նկատում է, որ ֆուտբոլային խաղին ներկա է լինելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ մեկ տարի առաջ Երեւանում Հայաստան-Թուրքիա խաղին ներկա է եղել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը:

Պարբերականում նաեւ նշվում է, որ չնայած հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, Անկարան պնդում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացի վրա: Այդ կապակցությամբ, ամփոփում է թերթը, հայ-թուրքական կարգավորման համար ամիսներ կպահանջվեն: Թերթը հիշեցնում է, որ Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը 1993թ.-ին՝ ի նշան համերաշխության Ադրբեջանի հետ, որն այդ ժամանակ պարտվում էր Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում:

ZAMAN-ը նաեւ ընդգծում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ թշնամանքը սկսվել է դեռ Առաջին աշխարհամարտի տարիներին, Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածների ժամանակ: «Հայերն ասում են, որ դա ցեղասպանություն է, Թուրքիան հերքում է դա»,- նկատել է ZAMAN-ը: