Արարատի մարզում հուլիսի 3-ին  տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններն անցել են կեղծիքներով եւ խախտումներով, այս մասին ահազանգում է քաղաքապետի թեկնածու Քաջո Գրիգորյանը: 

Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ քվեարկությանը մասնակցել են մարդիկ, ովքեր Արտաշատի բնակիչ չեն: Նրա պնդմամբ, Ընտրատարածքային ընտրական տեղամասերից շատերը քվեարկութան օրը ժամը 15.00-ից արդեն կողպված են եղել: Մի տեղամասում էլ, երբ թեկնածուն ցանկացել է ծանոթանալ արձանագրություններին, հանձնաժողովի նախագահն ասել է, որ ինքը վաղուց ավարտել է իր աշխատանքը, եւ չի կարող որեւէ արձանագրություն ներկայցնել քաղաքապետի թեկնածուին: Նա ահազանգել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, արձանագրություն կազմել եւ երբ փորձել է այն ներկայացնել ԸԸՀ, պարզվել է, որ ԸԸՀ-ի դուռը կողպված է: (Թեկնածուն ֆիքսել է ժամը` 16.23): Քաջո Գրիգորյանը նշեց նաեւ, որ ընտրությունների օրը խախտումները սկսվել են վաղ առավոտից. ճնշումներ են գործադրվել իր վստահված անձանց վրա, մասնավորապես, սկսել են սպառնալ նրանց` ասելով, որ իրենց ծնողներին աշխատանքից կազատեն: Թեկնածուն նշեց նաեւ, որ 15-20 հոգանոց մի խումբ գործող քաղաքապետի որդու հետ շրջել են տարբեր տեղամասերով եւ կրկնակի քվեարկել Գագիկ Մուրադյանի օգտին: Քաղաքապետի թեկնածուն ներկայացրած մյուս դեպքը ցնցող է. երբ նա ցանկացել է  մտնել իր տեղամաս` քվեարկելու, նրան փորձել են դուրս հանել տեղամասից: Նրան միայն մեծ քաշքշուկից հետո է հաջողվել կատարել իր քաղաքացիական պարտքը: Ավելի ուշ Քաջո Գրիգորյանը տեղեկացրել է, որ բացառությամբ երկու տեղամասի, մնացած բոլոր տեղամասերում 7-8 անգամ լցոնում է  իրականացվել, իսկ իր վստահված անձինք ձայների հաշվարկից հետո հրաժարվել են արդյունքների տակ ստորագրել:

«Մեզ մոտ ընտրություն տեղի չի ունենում: Տեղի է ունենում ընդունում-հանձնում` վերեւները ում ուզում նշանակում են, ում ուզում են` հանում են գործից: Այս անարդար երկրում արդարություն փնտրելը անիմաստ գործ է»,-գնահատակելով ընտրությունները` հայտարարեց Գրիգորյանը: Նա, ի դեպ, մեր զրույցի ընթացքում իրեն վատ էր զգում եւ առաջարկեց ընդհատել զրույցը:

Արտաշատ քաղաքում ձայների ճնշող մեծամասնությամբ` 6 հազար 931 ձայնով համայնքի ղեկավար է վերընտրվել գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանը: Նրա միակ մրցակից` Քաջո Գրիգորյանը ստացել է 268 ձայն: Քվեարկությանը մասնակցել է 7346 հոգի, անվավեր է ճանաչվել 146 քվեաթերթիկ:

Հարեւան Արարատ քաղաքում եւս վերընտրվել է գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: