Բարձրաստիճան պաշտոնյաների դեմ քրեական գործերը չեն բացահայտվում առանց քաղաքական կամքի: Այս մասին հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով բարձրաստիճան զինվորականների դեմ քրեական հետապնդումները:
Նրա խոսքով՝ նման քրեական գործերից մեկը հարուցվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից: «Այն ենթակա է վարչապետին: Բոլոր միջազգային զեկույցներում նշվում է, որ նման դեպքերը չեն կարող լուծվել առանց քաղաքական կամքի», - ասաց Փաշինյանը: Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, ԱԱԾ-ն ունի բոլոր անհրաժեշտ հնարավորություններն ու միջոցները` պարզելու կոնկրետ քրեական գործի հանգամանքները: Նա միաժամանակ հիշեցրեց անմեղության կանխավարկածի մասին եւ հորդորեց սպասել հետաքննության արդյունքներին:
Հիշեցնենք, որ զինամթերքի մատակարարման չարաշահումների վերաբերյալ քրեական գործով ձերբակալվել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը եւ գործարար Դավիթ Գալստյանը՝ առավել հայտնի որպես «Պատրոն Դավո»:




























