Թուրքիայի 25-րդ գումարման խորհրդարանի նախագահ է ընտրվել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ, նախկին փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Ջեմիլ Չիչեքն ընտրվել է 3-րդ փուլում, երբ նրան անհրաժեշտ էր ընդամենը 276 ձայն, սակայն նա ստացել է 322-ը: «Ազգայնական շարժում» կուսակցությունից խորհրդարանի նախագահության համար իր թեկնածությունն առաջադրած Թունջա Թոսքայը հավաքել է 50 ձայն:

Քվեարկությանը բացակայել են քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները, ովքեր բոյկոտ են հայտարարել: Իսկ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորները ներկա են եղել, սակայն չեն մասնակցել քվեարկությանը:

Նշենք, որ Ջեմիլ Չիչեքը հայտնի է իր հակահայ պահվածքով:  Նա է եղել Արդարադատության նախարար, երբ Հրանտ Դինքի դեմ  տխրահռչակ 301-րդ հոդվածով դատական գործ են հարուցել, որից շատ չանցած Հրանտ Դինքը  «Ակոս»-ի խմբագրության դիմաց սպանվեց:

Նախորդ տարի նա թուրք գործարարների հետ հանդիպման ժամանակ խոսել էր 80-ականների ահաբեկչությունների մասին, նշելով թե հայկական «ահաբեկչության» եւ PKK-ի ահաբեկչության միջեւ սերտ համագործակցություն կա եւ հավելել, թե  PKK-ի ահաբեկիչների մի մասը թլպատված չեն, նկատի ունենալով, որ նրանք հայեր են։ Նրա այս ելույթին արձագանքեց քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության այն ժամանակվա նախագահ Սելահաթին Դեմիթաշը` խորհուրդ տալով Չիչեքին դառնալ կառավարության թլպատող եւ մեկնել Քանդիլ ( Շրջան Հյուսիսային Իրաքում, որտեղ թաքնվում են քուրդ զինյալները) եւ այդ խնդիրը լուծել:

Ջեմիլ Չիչեքի վախը հայերի նկատմամբ արտահայտվել էր նաեւ 2009-ին, երբ Թուրքիայում մարտի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում Իգդիրում 85 տարի անընդմեջ   ազերի քաղաքապետերից հետո առաջին անգամ քուրդը դարձավ քաղաքապետ։  Ջեմիլ Չիչեքը այն ժամանակ հետեւյալ կերպ  էր արտահայտվել.  «Քրդերը հաստատվեցին Հայաստանի հետ սահմանին»։:

Արթուր Հակոբյան