Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Սահմանադրության օրվա առթիվ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Սահմանադրության ընդունման եւ դրանում փոփոխությունների կատարման հանրաքվեները հստակ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդի դիրքորոշումը, թե ինչպիսի երկրում է ինքն ուզում ապրել: Սա անվիճարկելի ընտրություն է, որի նկատմամբ հարգանքն ու հավատարմությունը բոլորիս սուրբ պարտականությունն է:
Սահմանադրության մեջ արտացոլված է սոցիալական, իրավական ու ժողովրդավարական պետություն կերտելու մեր նպատակադրումը: Այն կյանքի կոչելու ուղղությամբ մեծ գործ է արվել, բայց պետք է խոստովանենք, որ շատ բան դեռ լիարժեք իրականություն չի դարձել: Այսօր մենք մեր քայլերով, մեր հետեւողականությամբ պետք է կարողանանք նոր թափով խթանել երկրի հետագա ժողովրդավարացումը: Մեր քաղաքացիների` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու ազատությունները պիտի մտնեն յուրաքանչյուր տուն եւ հիմնարկ, յուրաքանչյուր գյուղ ու քաղաք, պիտի դառնան ոչ միայն Սահմանադրության, այլեւ կյանքի նորմ: Մենք դա կարող ենք անել, քանի որ դրա համար կան եւ´ իշխանությունների քաղաքական կամքը, եւ´ ժողովրդի լայն հատվածի անկեղծ մղումը:
Սիրելի´ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս, որ հնարավորություն ունենանք լիարժեքորեն վայելելու մարդու իրավունքների եւ ազատությունների այն լայն դաշտը, որն ինքներս ենք նախանշել մեր իսկ ընտրությամբ»:




























