Բովանդակության առումով ՀՀ Սահմանադրությունը համապատասխանում է իրավական պետության չափանիշներին, բայց ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ դրա կատարումը։ Հուլիսի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
«Սահմանադրության իրականացումը մղոններով հետ է մնում այն պահանջներից, որոնք դրված են Սահմանադրության տեքստում։ Մեր սահմանադրական իրականությունը չափազանց տարբերվում է սահմանադրական պահանջներից։ Այդ տարբերության վերացումն այսօր ամենահիմնական հրամայականն է։ Իրավական պետության ամենագլխավոր պահանջը կաշկանդվածությունն է իրավունքով՝ առաջին հերթին պետական մարմինների կաշկանդվածությունը»,- նկատեց սահմանադրագետը՝ ավելացնելով, որ Սահմանադրությունը պետք է կոչված լինի իրականացնելու նախեւառաջ հիմնական պահանջներից մեկը՝ մարդու իրավունքների պաշտպանությունը:
Վարդան Պողոսյանը նկատեց, որ Հայաստանում չեն կարողանում իրականացնել Սահմանադրության առաջին եւ երկրորդ հոդվածների պահանջները՝ ժեղովրդավարական պետության առումով։ «Անկախության հռչակումից հետո Հայաստանում ընտրությունների մեխանիզմն, ըստ էության, եղել է անկատար, եթե չասեմ հակասահմանադրական։ Ընտրական մեխանիզմերի վերականգնումն ամենառաջին հրամայականն է»,- համոզմունք հայտնեց սահմանադրագետը։
Սահմանադրության թերի իրացման հաջորդ ոլորտ մասնագետը նշեց դատական համակարգը։ Նրա խոսքով, որքան էլ մարդու իրավունքերի պաշտպանությունն ամրագրված է Սահմանադրությամբ, սակայն դատական իշխանության հանդեպ հասարակության վստահության պակասը եւ համակարգում առկա կոռուպցիան շարունակում են ակնհայտ մնալ։
Ամփոփելով՝ Վարդան Պողոսյանը նկատեց, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության կարիք չկա, պարզապես ամենահիմնական խնդիրը եղածը կյանքի կոչելն է։ «Իսկ սա կախված է ինչպես իշխանությունների գործողություններից, այնպես էլ հասարակությունից»,- ասաց նա։
Նշենք, որ Հայաստանի Սահմանադրությունն այսօր, հուլիսի 5-ին դառնում է 16 տարեկան:




























