Գրեթե տասը տարվա ընդմիջումից հետո Հայաստանի նախագահը պաշտոնական այցով Ուկրաինայում էր: Սերժ Սարգսյանի այցը կայացավ հունիսի 1-ին եւ 2-ին ուկրաինացի գործընկեր Վիկտոր Յանուկովիչի հրավերով:

Բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն էր: Կիեւում կայացած մամուլի ասուլիսում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չնայած հունիսի 24-ին Կազանում կայացած անարդյունք բանակցություններին, հաստատել են միջնորդական ջանքերը մեծացնելու մտադրությունը:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ղարաբաղյան հիմնախնդրի մասին չափազանց զուսպ արտահայտվեց` չնշելով «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին: Նա Հայաստանի նախագահին խոստացավ ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության ընթացքում առավելագույն օժանդակություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Յանուկովիչը նշեց, որ Ուկրաինան բարեկամական ու գործընկերային հարաբերություններ ունի եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի հետ: «Մեր շահերից է բխում այս հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով: Մենք ուզում ենք, որ մեր ընկերները լուծում գտնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Ուկրաինան 2013 թվականին նախագահելու է ԵԱՀԿ-ում եւ մենք առավելագույն ջանք կգործադրենք բանակցային գործընթացն առաջ տանելու համար», - հայտարարեց Յանուկովիչը:

Հայաստանի իշխող կոալիցիայում ուշադրություն են դարձրել Ուկրաինայի ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշման փոփոխությանը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Վիկտոր Յանուկովիչը հանդես եկավ բավական հավասարակշիռ հայտարարությամբ` հելսինկյան սկզբունքներից չնշելով պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցն Ուկրաինա շատ կարեւոր էր այն իմաստով, որ արդեն մի քանի տարի կողմերն այսքան բարձր մակարդակով չէին այցելել միմյանց, իսկ Ուկրաինայի ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշումը հաշվի առնելով` այս այցն առավել առաջնահերթություն է ստանում», - ասաց Շարմազանովը: Նա նշեց նաեւ, որ Հայաստանի նախագահի այցը կարեւոր էր նաեւ երկու երկրների տնտեսական ու մշակութային կապերի ակտիվացման իմաստով: «Հայաստանի նախագահի այցն Ուկրաինա հայ-ուկրաինական հարաբերությունները բերեց որակապես նոր ու ավելի բարձր մակարդակի», - ամփոփեց իշխող կոալիցիայի ներկայացուցիչը:

Հայաստան - Ուկրաինա բարեկամության պատգամավորական խմբի անդամ, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ բոլոր երկրների, այդ թվում Ուկրաինայի հետ Հայաստանի կապերը շատ կարեւոր են պետության շահերի համար: Նա նշեց, որ Յանուկովիչի ընտրվելուց հետո Հայաստանին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերում Երեւանը կարող է Ուկրաինայի դիրքորոշման մեջ ակնկալել դրական փոփոխություններ:

«Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Յանուկովիչի քաղաքականությունն իր նախորդի` Վիկտոր Յուշչենկոյի սկանդալային քաղաքականությունից տարբերվում է հավասարակշռված լինելով», - նշեց պատգամավորը: Միեւնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցում Ալավերդյանը հատուկ հույսեր չի կապում ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության հետ: «Քանի դեռ Երեւանը ղարաբաղյան հարցում չի հստակեցնի իր դիրքորոշումը` ակնկակել դա երրորդ երկրներից անիմաստ է», - կարծում է Ալավերդյանը: Նա հույս հայտնեց, որ Հայաստանի նախագահի այցն Ուկրաինա կակտիվացնի երկկողմ մշակութային եւ տնտեսական կապերը:

Բոլոր դեպքերում, վերլուծաբանները Կիեւի դիրքորոշման որոշակի փոփոխությունները բացատրում են Ուկրաինայի արտաքին քաղաքականության հիմնական վեկտորի փոփոխությամբ: Յուշչենկոյի եւ Տիմոշենկոյի գլխավորությամբ «նարնջագույնները» տանում էին ընդգծված արեւմտամետ գիծ, որի համատեքստում տեղ չուներ Հայաստանի հարաբերությունների զարգացումը Ռուսաստանի հետ: Իրավիճակը փոխվեց Յանուկովիչի ընտրվելուց հետո, երբ կարգավորվեցին Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարաբերությունները: Սակայն առայժմ վաղ է դատել գործընթացի խորության մասին: