Ուկրաինայի Գերագույն Ռադան Հոլոքոստի զոհերի հիշատակի օր է սահմանել հունվարի 27-ը:

Համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 331 պատգամավորներ, անհրաժեշտ 226-ի փոխարեն, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Երկրի խորհրդարանը կառավարությանը հանձնարարել է կազմակերպչական կոմիտե ստեղծել` պետական մակարդակով նախապատրաստելու եւ անցկացնելու համար Բաբյի Յարի ողբերգության 70-ամյակը:

Բացի այդ, պատգամավորները հանձնարարել են կառավարությանը «Բաբյի Յար» ազգային պատմական-մշակութային արգելոցին հանձնել Կիեւի Մելնիկովի-44 հասցեում գտնվող շենքը, որտեղ պետք է գործի արգելոցի տնօրինությունը եւ թեմատիկ ցուցահանդեսը:

Ուկրաինայի խորհրդարանը Մշակույթի եւ տուրիզմի նախարարությանը հանձնարարել է «Բաբյի Յար» ազգային պատմական-մշակութային արգելոցի առանձին կայք ստեղծել:
Նշենք, որ ցեղասպանության խորհրդանիշ դարձած Բաբյի Յարում հիտլերականները, տարբեր տվյալներով, սպանել են 70-200 հազար հրեաների, ուկրաինացիների, ռուսների եւ այլ ազգության ներկայացուցիչների: Այդ վայրում զանգվածային սպանություններ են կատարվել 1941-ի սեպտեմբերի 29-ից մինչեւ 1943-ի սեպտեմբերի 29-ը: Երկու տարում Բաբյի Յարը վերածվել է հսկայական եղբայրական գերեզմանի: