Արդեն երկու օր է Շիրակի մարզում ուժեղ անձրեւ ու քամի է, որի հետեւանքով կոտրվել են ծառեր, փլվել տանիքներ: Քամին քշել է Գյումրիի թիվ 17 դպրոցի մուտքի տանիքի մի հատվածը, կոտրել լամպերն ու վնասել մալուխները: Վնասվել է նաեւ «Հաղթանակի պողոտայի» զբոսայգուն կից ծառերից մեկը:
«Վաղ առավոտյան արթնացանք ու տեսանք, որ քամին հաստաբուն ծառի ահագին հաստ ճյուղերը կոտրել է»,-պատմել է բնակիչներից Վլադիմիր Ղուկասյանը:
Սակայն ամենամեծ վնասը կրել են Ավտոկայան բանավանի բնակիչները: «Ամեն անգամ, երբ ուժեղ անձրեւ է տեղում հարակից «Գյումրի» գետակը վարարում է ու լցվում բնակիչների տնակները: Ամբողջ գիշեր չեմ քնել, մինչեւ գիշերվա 4-ը ջուր էինք մաքրում, հեռացնում տնակներից, ռետինե սապոգներով»,-պատմել է բնակիչ Կորյուն Ղազարյանը:
Բնակիչներին ամենից շատ անհանգստացրել է այն, որ «Գյումրի» գետակն են թափվում նաեւ կոյուղաջրերը: «Դա ուղղակի սարսափելի էր, ողջ կյուղաջուրը լցվում էր մեր տները, որում որդեր ու ճիճուներ կան: Իսկ այստեղ մարդիկ, ու անգամ երեխաներ են բնակվում»,-բողոքել է բնակիչ Ջուլիետա Գասպարյանը:
Նշենք, որ տնակային այս թաղամասում կան ընտանիքներ, ովքեր անօթեւանի կարգավիճակ ունեն ու սպասում են հերթացուցակին, կան նաեւ մարդիկ, որ անօթեւանի կարգավիճակ չունեն ու դեռ երկար կապրեն այս պայմաններում:



























