Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն այսօր` հուլիսի 6-ին ժամը 10.32-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Ավետիսյան եւ Վաղարշյան փողոցների խաչմերուկում թափված է սնդիկի նման անհայտ նյութ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ԱԻՆ մասնագետները, հաստատել են, որ ճանապարհին թափված է սնդիկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել առողջապահության եւ բնապահպանության նախարարությունները, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանությունը, որը փակել է ճանապարհի նշված հատվածը:
Այս պահին դեպքի վայրում են համապատասխան ծառայությունների մասնագետներ, որոնք իրականացնում են սնդիկի վնասազերծման (դեմերկուրիզացիայի) աշխատանքներ:



























