Ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, թե ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեն Ստեփանակերտի օդանավակայանին հավաստագիր չի տա, իրականությանը չի համապատասխանում, քանի որ ԼՂՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը հավաստագիր ստանալու համար Միջպետական ավիացիոն կոմիտե չի դիմել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԼՂՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը:
«Մենք նման հարց չենք բարձրացրել։ Ինչպիսին կլինի ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեի պատասխանը, հայտնի չէ։ Այդ հարցը կբարձրացվի այն ժամանակ, երբ մենք համոզվենք, որ մեր օդանավակայանը համապատասխանում են ինչ-որ չափանիշների»,- նկատեց Ատբաշյանը։
Նրա խոսքով, Ստեփանակերտի օդանավակայանը կարող է գործել նաեւ առանց ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեի տրամադրած հավաստագրի։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի քաղավիացիայի պետական վարչակազմի տնօրեն Արիֆ Մամեդովի հայտարարությանը, թե ուժի մեջ է Ստեփանակերտ թռչող օդանավերը ոչնչացնելու մասին Ադրբեջանի վերջերս արված հայտարարությունը եւ որ այդ իրավունքը նախատեսված է Ադրբեջանի «Ավիացիայի մասին» օրենքով, ապա Ատբաշյանի խոսքով, անկախ այդ օրենքի, Ադրբեջանը Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (İCAO) անդամ է, հետեւաբար, ստորագրել է կոնվենցիան, ըստ որի İCAO-ի բոլոր անդամ երկրները պարտավորվում են ոչ մի դեպքում սպառնալիք չստեղծել քաղավիացիայի օդանավերի ուղեւորների կյանքի համար: Միաժամանակ, նրանք կարող են պարտադրել օդանավին վայրէջք կատարել, բայց իրավունք չունեն հարվածել ուղեւորատար օդանավերին:
Ատբաշյանը նաեւ կարծիք հայտնեց, որ քաղաքակիրթ երկրում միջազգային օրենքը վեր է ներպետական օրենսդրությունից: «Եթե Ադրբեջանում այլ կերպ են մտածում, դա իրենց խնդիրն է: Իր հայտարարություններով, մամեդովը հերթական անգամ ցույց է տալիս, թե ում հետ գործ ունենք: Եթե պաշտոնական Բաքուն չի ճանաչում իր կողմից ստորագրված միջազգային կոնվենցիան, ապա այդ երկրին պետք է հեռացնել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունից»,- ասել է նա:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, թե ԱՊՀ միջպետական ավիացիոն կոմիտեն Ստեփանակերտի օդանավակայանին հավաստագիր չի տա: Ադրբեջանի քաղավիացիայի պետական վարչակազմի տնօրեն Արիֆ Մամեդովն ասել է, որ այդ հարցը քննարկվել է ԱՊՀ միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահի այս տարվա մայիին Բաքու կատարած այցելության ժամանակ, որտեղ հյուրն, իբր, ասել է, որ առանց Ադրբեջանի համաձայնության կոմիտեն հավաստագիր չի տա Ստեփանակերտի օդանավակայանին, եթե անգամ այդ հարցով դիմի Հայաստանը:




























