Թուրքիայում սկանդալային պայմանավորված ֆուտբոլային հանդիպումների հետ կապված հետաքննության շրջանակներում դատարան ներկայացած 20 անձանից 15-ը կալանավորվել են։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բեշիքթաշի դատարանում «Ֆեներբահչե» սպորտային ակումբի ղեկավարներից Շեքիփ Մոսթորօղլուի, Իլհան Էքշիօղլուի, ակումբի համակարգող Ջեմիլ Թուրանի, «Էսքիշեհիրսփոր» ակումբի մարզիչ Բյուլենթ Ույգունի, «Սիվասփոր» ակումբի նախագահ Մեջնուն Օդյաքմազի ու մի շարք ֆուտբոլիստների նկատմամբ կալանման որոշում է կայացվել, որից հետո նրանք տեղափոխվել են կալանավայր։
Գործը հետաքննող դատախազի պահանջով դատարանը կալանման ձերբակալման որոշում է կայացրել «Ֆեներբահչե» ակումբի նախագահ Ազիզ Յըլդըրըմի նկատմամբ։
Նշենք, որ օրեր առաջ թուրքական ոստիկանությունը 12 նահանգներում իրականցրած համաժամանակյա գործողությունների արդյունքում բերման էր ենթարկել մի քանի տասնյակ անձանց, որոնց մեջ են եղել ֆուտբոլային ակումբների ղեկավարներ եւ ֆուտբոլիստներ, ովքեր մեղադրվում են պայմանավորված խաղեր կազմակերպելու համար։
Թուրքիայի առաջնության վերջին տուրի խաղում «Ֆեներբահչեն» 4:3 հաշվով հաղթեց «Սիվասփորին», մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Թրաբզոնսփորին» եւ 18-րդ անգամ հռչակվեց Թուրքիայի չեմպիոն: Հենց այդ խաղը դարձավ սկանդալային պատմության պատճառը:



























