Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր` հուլիսի 7-ին Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում ներկա է գտնվել Հայ բժիշկների միջազգային 3-րդ համագումարի բացման արարողությանը, որին մասնակցում են 600 բժիշկներ Հայաստանից, Սփյուռքից եւ Արցախից:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա իր ողջույնի ելույթում ասել է. «Այս համագումարն առաջին հերթին մենք դիտարկում ենք որպես հայության ինտելեկտուալ կարողությունների համախմբում: Մեզ համար երկրորդ կարեւորագույն հանգամանքը այն է, որ առողջապահությունը գլոբալացվող բացառիկ ոլորտներից մեկն է, որտեղ համաշխարհային համագործակցությունը խիստ անհրաժեշտ է:
ՀՀ կառավարությունը առողջապահության ոլորտում ձեռնամուխ է եղել համարձակ բարեփոխումների եւ արդեն ունենք շոշափելի արդյունքներ:
Հիշատակենք անվճար ծննդաբերական օգնության համակարգի ներդրումը, որը մեր բնակչության աջակցությանն է արժանացել եւ ստացել է բարձր գնահատական: Դրա մասին են վկայում մեր բոլոր հարցումները: Հիշատակենք մինչեւ 7 տարեկան երեխաների անվճար բուժսպասարկումը: Շտապ օգնության բնագավառում ներդրվում է նոր համակարգ, տեղի է ունենում տեխնիկական միջոցների արդիականացում, եւ մեր բնակչությունը զգում է շտապ օգնություն ծառայության որակի բարձրացումը:
Սկսել ենք մի նոր ծրագիր իրականացնել օնկոլոգիական հիվանդությունների բուժման կենտրոնի ձեւավորման ուղղությամբ՝ մասնավոր-պետություն համագործակցության շրջանակներում, Ազգային մրցունակության խորհրդի օժանդակությամբ:
Կառավարությունը համապատասխան պայմանագիր է ստորագրել Բելգիայի կառավարության հետ եւ ստացել է ֆինանսական միջոցներ, որպեսզի Հայաստանում կառուցվի ժամանակակից արագացուցիչ եւ այդ արագացուցչի շնորհիվ ձեւավորվի նաեւ օնկոլոգիական կենտրոն, որը կօգտագործի արտադրված իզոտոպները: Դա լինելու է ժամակակակից կենտրոն եւ ներդրումները կկազմեն շուրջ 50 մլն դոլար:
Բացի այդ, վերջերս առողջապահության նախարարությունը ներդրել է համաֆինասնավորման նոր հայեցակարգ, որի նպատակն է ապահովել, որ պետությունը շուկայական գներով օգտվի առողջապահական պատվերներ տեղադրելիս: Դա կստեղծի մրցակցային դաշտ առողջապահության ոլորտում` նպաստելով կոռուպցիայի նվազմանը»:




























