Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել առաջիկա 2 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել 200 մլն դոլար վարկ: Այդ մասին այսօր` հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին: Նրա խոսքով` 2011 թ. հուլիսի 6-ին Համաշխարհային բանկի խումբը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հետ 2009-13 թ.թ. «Երկրի գործընկերության ռազմավարության» ընթացիկ զեկույցը, որտեղ բարձր է գնահատվել Հայաստանի հետ համագործակցությունը:
Ըստ Ժ. Հափիի` ՀԲ աջակցության շնորհիվ Երեւանում ջրամատակարարումը 2008 թ. 17.4 ժամից դարձել է 21.5 ժամ, մանրէաբանական անվտանգությունը բազային 93 տոկոսից դարձել է 98 տոկոս: Հափիի տեղեկացմամբ` ՀԲ-ն այս տվյալները վերցրել է պաշտոնական վիճակագրությունից: ՀԲ-ն նաեւ լուրջ ներդրումներ է իրականացրել ճանապարհաշինության, ոռոգման համակարգերի, առողջապահական ենթակառուցվածքների ոլորտներում:
Միջազգային զարգացման ընկերակցության (ՀԲ կառուցվածքային ստորաբաժանումներից մեկն է) 77 երկրների շարքում Հայաստանը կատարողականի աստիճանով երկրոդն է` շնորհիվ բարեփոխումների եւ ծրագրային փաթեթների որակի: Ըստ Հափիի` դա Հայաստանին հնարավորություն է տալիս արտոնյալ վարկեր ստանալ:




























