Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանն այսօր` հուլիսի 7-ին ընդունել է Հայաստանում  Մալայզիայի նորանշանակ դեսպան Զիանոլ Աբիդին Բին Օմարին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ղազինյանը հույս է հայտնել, որ ՀՀ-ում Մալայզիայի դեսպանի հավատարմագրումը կնպաստի հայ-մալայզիական կապերի խորացմանը` ամուր հիմքեր ստեղծելով դրանց հետագա զարգացման համար:

Դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության հաստատմամբ, եւ իր նշանակումը այդ ցանկության վկայությունն է: Նա վստահեցրել է, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր: Մասնավորապես, երկուստեք կարեւորվել է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաեւ երկու երկրների մշտական ներկայացուցչությունների մակարդակով կանոնավոր շփումները:

Զրույցի ընթացքում փոխարտգործնախարարը եւ դեսպանն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցերի: