Մոտ 70 հազ. տեխնիկական զննման կտրոններ են տրամադրվել 7 առեւտրային բանկերին` քաղաքացիներին տրամադրելու համար: Այդ մասին այսօր` հուլիսի 7-ին կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 2011 թ. մարտի 31-ին կառավարության նիստում ավտոմեքենաների տեխզննման կարգը արմատապես փոխվել է: Նոր կարգի համաձայն` վարորդը տեխզննության վճարումները կատարում է ոչ թե տոխզննման կայանին, այլ բանկում: Վարորդը պետք է առաջնորդվի հետեւյալ սխեմայով. հարկավոր է նախ այցելել թաղապետարան` տեղեկանալու գույքահարկի պարտքի չափի մասին: Այնուհետ պետք է գնալ բանկ ու կատարել բոլոր վճարումները (բնապահպանական, տեխնիկական զննության վճարները եւ պետ.տուրքը): Բանկը վարորդին տրամադրում է տեխնիկական զննության վկայականը, որն արդեն կարող է փակցնել իր դիմապակուն, եւ համարվում է, որ վարորդն այդ առումով իր պարտականություններն արդեն կատարել է:
Միեւնույն ժամանակ քաղաքացուն բանկում տրամադրում են երկրորդ թերթիկը: Դա մի կտրոն է, որով վարորդը տեխզննման կայանից կարող է պահանջել իրականացնել ավտոմեքենայի տեխնիկական զննում:
Վարչապետի համոզմամբ` առաջիկա 3 ամսվա ընթացքում կունենանք էական դրական արձագանք մեր քաղաքացիների կողմից։ Սակայն անհրաժեշտ է, որպեսզի ֆինանսների նախարարությունն սկսի լուսաբանել այս աշխատանքները եւ իրազեկի քաղաքացիներին, թե որտեղ պետք է ներկայացնել դիմումը եւ ինչպես պետք է օգտվել այս նոր ծառայությունից։




























