Պոլիկլինիկաները դեռեւս իներցիայով շարունակում են բժշկական տեղեկանքներ տրամադրել, թեեւ կառավարության սահմանած կարգով դրա անհրաժեշտություն չկա: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հուլիսի 7-ին կառավարության նիստի ընթացքում հիշեցրեց, որ կառավարության որոշմամբ վերացվել է պոլիկլինիկաներից քաղաքացիներին տրվող շուրջ 20 տեսակի տեղեկանքների հավաքագրումը:

Ըստ վարչապետի` միջազգային փորձը նույնպես ցույց է տալիս, որ նմանատիպ ծառայություններն այսօր աշխարհում տրամադրվում են առանց նմանատիպ տեղեկանքների հավաքագրման։ Արդյունքում շուրջ 300 հազար քաղաքացիներ նման տեղեկանքներ ստանալու անհրաժեշտությունից կազատվեն։ Տ Սարգսյանը հիշեցրեց  նաեւ, որ կառավարության մոնիտորինգը ցույց էր տալիս, որ իրականում այդ տեղեկանքները տրամադրելիս որեւիցե ծառայություն չէր մատուցվում, այլ ուղղակի առկա էին կոռուպցիոն երևույթներ։ «Անհրաժեշտ է, որպեսզի այս միջոցառումն ամբողջությամբ իրականացվի, որպեսզի մարզպետները, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետը, միջոցառումներ ձեռնարկեն իրենց ենթակայության տակ գտնվող հաստատություններում վերոհիշյալ տեղեկանքների պահանջը բացառելու ուղղությամբ»,- հայտարարեց Տ. Սարգսյանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, քաղաքացիները պարտավոր չէն պոլիկլինիկայից վերցնել հետեւյալ տեղեկանքները. ուսումնական հաստատություններ դիմորդների եւ աշխատանքի ընդունման բժշկական հետազոտության, սննդի աշխատողների պարբերական բժշկական զննության, մանկավարժների եւ դաստիարակների առողջական վիճակի պարբերական բժշկական զննության, լողավազանից օգտվելու վերաբերյալ,  սանատոր-կուրորտային բուժման մեկնողների համար,  սանատոր-կուրորտային բուժման ուղեգրի ստացման համար, երեխայի որդեգրման եւ խնամակալության համար բժշկական,  մինչեւ 18 տարեկան երեխաների առողջության կամ հիվանդության վերաբերյալ (այդ թվում՝ մարզադպրոց եւ սպորտային խմբակներ հաճախելու նպատակով), հիվանդությունից հետո երեխաների հաճախումը դպրոց, մանկապարտեզ թույլատրելու վերաբերյալ, ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար, նախադպրոցական հաստատություն կամ դպրոց (շրջապատի թերթիկ) ընդունվելու համար