«Յունիբանկը» ֆիզիկական անձանց առաջարկում է նոր ավանդ` «UNI – կուտակային»: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են «Յունիբանկի» հասարակայնության հետ կապերի բաժնից: Համալրման հնարավորությամբ այս ավանդը հնարավոր է ներդնել 365 օր ժամկետով ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ/300 դոլար կամ եվրո, իսկ համալրման առավելագույն գումարը` 40 մլն դրամ/100 հազար դոլար կամ եվրո: ՀՀ դրամի դեպքում ավանդի տոկոսադրույքը կազմում է 11%, դոլարի դեպքում` 6%,  իսկ եվրոյի դեպքում` 5% տարեկան: Ավանդների տոկոսները հաշվարկվում են յուրաքանչյուր ամիս կամ ավանդի ժամկետի վերջում, սակայն, հաճախորդի ցանկությամբ, բանկը կարող է իրականացնել տոկոսագումարի կապիտալիզացիա, այսինքն, տոկոսներն ավելացնել ավանդի մայր գումարին, դրանով իսկ ավանդատուին առավելագույն եկամուտ ստանալու հնարավորություն ընձեռելով:

Այս ավանդը ձեւակերպած բոլոր ավանդատուներին որպես նվեր  տրամադրվում է կոմունալ վճարումների UNIPAY քարտ:  Հիշեցնենք, որ կոմունալ վճարումներն ընդունվում են «Յունիբանկի» բոլոր 37 մասնաճյուղերում: UNIPAY քարտը պարունակում է վճարն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչը հնարավորություն է տալիս կազմակերպելու արագ եւ հարմարավետ սպասարկում: « UNI – կուտակային» ավանդի ընդունման վերջնաժամկետն է 2011թ.-ի դեկտեմբերի 31-ը: 

«UNI – կուտակային» ավանդը հատկապես հարմար է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ոչ միայն լրացուցիչ եկամուտ ստանալ, այլեւ գումար կուտակել ինչ-որ նպատակի համար, օրինակ, հանգստի կամ որեւէ տոնի: Մեր ավանդատուները ժամկետների, լրացուցիչ առավելությունների ընտրության լայն  հնարավորություն ունեն, ինչպիսին է, օրինակ,  ավանդի համալրման եւ մասնակի ետկանչման հնարավորությունը` բարձր տոկոսադրույքի պահպանմամբ: Մենք առաջարկում ենք նաեւ մուլթիարժութային ռեժիմով ավանդ, ինչն ավանդատուին հնարավորություն է տալիս խուսափել արժույթների փոխարժեքների տատանումների ազդեցությունից եւ զերծ պահել դրամական միջոցները գնաճից», - ասում է «Յունիբանկի» Մանրածախ ավանդների վարչության պետ Դիանա Ջեյրանյանը: Նրա խոսքով` ավանդատեսակները մշակվում են շուկայի ուսումնասիրությունների հիման վրա` հաճախորդների բոլոր պահանջմունքներին համապատասխան: Արդյունքում` «Յունիբանկի» ավանդային պորտֆելն  աճել է, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների շուկայում «Յունիբանկն» ունի առաջատարի դիրք:    

Այսպես`  30.06.11թ. դրությամբ Բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 47,4 մլրդ դրամը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 18%-ով: Բանկի ժամկետային ավանդներն աճել են 24%-ով եւ կազմել ավելի քան 84,8 մլրդ դրամ: Դրամական միջոցները «Յունիբանկում» ավանդադրելիս, հաճախորդները, կախված ավանդների պայմաններից, կարող են օգտվել մուլթիարժութային ռեժիմից, իրականացնել տոկոսների կապիտալիզացիա կամ արժեքավոր նվերների խաղարկությանը մասնակցելու իրավունք ստանալ: Բանկը բազմիցս կազմակերպել է հանդիսավոր միջոցառումներ, որոնց շրջանակներում հաճախորդներն արժանացել են արժեքավոր նվերների եւ դրամական պարգեւների: Օրինակ, ներդնելով Grand Prix ավանդ հաճախորդը ոչ միայն եկամուտ, այլ նաեւ այս տարվա սեպտեմբերին մրցանակների խաղարկությանը մասնակցելու հնրավորություն է ստանում:  Խաղարկության գլխավոր մրցանակը ուղեւորությունն է Կիպրոս: