Հայաստանի իշխանությունները պատրաստ են ընդդիմության հետ քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկ եւ նույնիսկ զիջումների գնալ: Նման հայտարարություն է արել Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ ունեցած զրույցում:
«Երկխոսության վերաբերյալ մեր մոտեցումներն առաջիկայում կհնչեցնենք, սակայն ուզում եմ ասել, որ երկխոսության ձեւաչափը մեզ համար ընդունելի է, ու հենց դա է հանդուրժողականությունը»,- ասել է նա, անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն հնարավոր երկխոսության թեմային:
ԱԺ նախագահը նշել է, որ ԱԺ ամբիոնը պատրաստ է դարձնել բազմակարծության ամբիոն, որի մասին միշտ բարձրաձայնել է: Հիշեցնենք, որ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր հերթին շաբաթներ առաջ հայտարարել էր, որ ՀՀԿ-ն պատրաստ է ԱԺ ամբիոնից հնչեցնել ՀԱԿ-ի առաջարկները:
Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Հովիկ Աբրահամյանն ասել է, որ իրենք ամեն բան անելու են, որպեսզի հաջորդ խորհրդարանական ընտրությունները լինեն ազնիվ, թափանցիկ ու առանց խախտումների:
«Ամեն ինչ անելու ենք, որ կոնկրետ ՀՀԿ-ն բարձր տոկոսներ ստանա, որը կլինի մեր աշխատանքի արդյունքը: Իսկ եթե վատ աշխատենք ու ցածր տոկոսներ ստանանք, ուրեմն որեւէ մեկի վրա մեղքը բարդելը տվյալ պարագայում սխալ է»,- ընդգծել է ԱԺ նախագահը:
Անդրադառնալով հարցին, թե ո՞վ է գլխավորելու ՀՀԿ ընտրական ցուցակը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ԱԺ նախագահն արձագանքել է. «Ես գիտեմ դուք ում ի նկատի ունեք, բայց ասեմ իմացեք, ես չեմ գլխավորողը, նա էլ չէ, երկրի նախագահն է, ու հետո գումարելիների տեղերը փոխելիս, ոչինչ չի փոխվում, ինչ տարբերություն որս ենք»:




























