Ամերիկացի գիտնականների կողմից գրիպի, այդ թվում «թռչնագրիպի» վիրուսը չեզոքացնող հակամարմինների մոլեկուլի հայտնագործումը կարող է այդ հիվանդացության դեմ ունիվերսալ դեղամիջոցի պատրաստման հիմք դառնալ:
Ըստ «Science» պարբերականի` ամերիկյան Սքրիպսի համալսարանի կենսաբանները գրիպով հիվանդների արյան մեջ նկատել են CR8020 հակամարմիններ, որոնք թույլ չեն տվել վիրուսի ներթափանցումը հիվանդի բջիջներ: Գիտնականները նշում են, որ այդ հակամարմինները մինչեւ 99% տոկոսով չեզոքացնում են А2 ենթատեսակի գրիպի վիրուսը, եւ վիրուսային ակտիվությունը ճնշելու հատկություն ունեն:
Հետազոտողներն արդեն փորձարկումները կատարել են մկների վրա: Բոլոր կենդանիները, որոնք ստացել են CR8020-ի մոլեկուլներ, գրիպի վարակի նկատմամբ կայուն են եղել: Ավելի վաղ նույն ինստիտուտի գիտնականների խումբը բացահայտել էր գրիպի А1 ենթատեսակի վիրուսը չեզոքացնող CR6261 հակամարմինը:
Գիտնականները հույս ունեն, որ հետագա գիտափորձերը հնարավորություն կտան մշակել А գրիպի տեսակների դեմ պայքարի բարձր արդյունավետության միջոցներ:




























