Հուլիսի 10-ին կհրապարակվի բրիտանական «News Of The World» տաբլոիդի վերջին համարը, այս մասին հաղորդել է «Sky News»-ը:
Հայտնի հրատարակությունը փակվել է այն սկանդալային միջադեպից հետո, երբ անօրինական կերպով լսել էին աստղերի հեռախոսային խոսակցությունները:
«News Corp»-ի սեփականատեր Ռուպերտ Մերդոկի որդու` Ջեյմս Մերդոկի հայտարարության մեջ նշվել էր, որ «News Of the World»-ի վերջին համարի մեջ չեն լինի գովազդային հայտարարություններ: Դրանց համար հատկացված տարածքը կտրվի բարեգործական կազմակերպությունների հայտարարությունների համար:
Հինգշաբթի օրը դերասան Հյու Գրանտը, ով եւս ապօրինի լսումների զոհ էր դարձել, գովազդատուներին կոչ է արել բոյկոտել Մերդոկի հրատարակությունները, մասնավորապես` «News Of the World»-ը: Լրատվամիջոցներում արդեն լուրեր են տարածվել, որ համագործակցությունը Մերդոկի ընկերության հետ որոշել են դադարեցնել «Ford»-ը, «Mitsubishi»-ն, «Lloyds Banking Group»-ը եւ «Virgin Holidays»-ը:
«News Of the World»-ի խմբագրությունը դեռեւս 2011թ գարնանը խոստովանել էր որ լսել է հայտնի մարդկանց հեռախոսային խոսակցությունները: Նրանց դատի է տվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, դերասան Ջուդ Լոուն եւ դերասանուհի Սիեննա Միլլերը:
«News Of the World»-ը հրատարակվել է 1843թ-ից, իսկ 2011թ «Mondo Times» ինտերնետ ծառայությունը նրան ճանաչել է աշխարհում ամենամեծ տպաքանակը ունեցող անգլալեզու հրատարակությունը: Այս մասին հաղորդել է «Lenta.ru»-ն:



























