Սքոթլանդ-Յարդը հայտնել է, որ News of the World-ի աշխատակիցների կողմից հայտնի մարդկանց հեռախոսազրույցները գաղտնալսելու գործով եւս մեկ մարդ է կալանավորվել: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Sky News-ում իր անանուն աղբյուրը, կալանավորվել է մասնավոր մի խուզարկու, ով աշխատել է տաբլոիդի վրա: Նրա անունը չի հաղորդվում, հայտնի է միայն, որ նա 63 տարեկան է:
Առկա տվյալներով, նա կասկածվում է ոստիկանությանը կաշառք տալու, ինչպես նաեւ ապօրինի գաղտնալսումներին մասնակցություն ունենալու մեջ:
Հեռուստաալիքի աղբյուրները նույնպես հաստատել են, որ News of the World-ի սեփականատեր Ռուփերթ Մերդոկը մտադիր է այսօր` հուլիսի 9-ին մեկնել Լոնդոն: Նա ոչ մի կերպ չի մեկնաբանում Մեծ Բրիտանիայում սկիզբ առած սկանդալը:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին կալանավորվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի լրատվամիջոցների հետ կապերի գծով նախկին օգնական Էնդի Քոուլսոնը:
News Corporation-ի ղեկավարությունը մի քանի տարի փորձել է ծածկել կանդալը, բայց դա նրան չի հաջողվել: 2011-ի հուլիսին հայտարարվել է, որ News of the World թերթը դադարեցնում է իր գործունեությունը: Վերջին համարը լույս կտեսնի հուլիսի 10-ին:




























