Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) չի բավարարել մահմեդականների ներկայացրած միջնորդությունը Շվեյցարիայում հանրաքվեի արդյունքները չեղյալ համարելու մասին, որով այդ երկրում արգելվում է մինարեների կառուցումը: Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, դատարանը հայցը չհիմնավորված է համարել, քանի որ պլեբիսցիտի արդյունքները չեն խախտում հայցվորների` ժնեւյան մզկիթի նախկին նախագահի եւ մի քանի իսլամական իրավապաշտպանների իրավունքները:
«Դատարանը նշել է, որ նրանց հիմնական բողոքը վերաբերում է նրան, որ սահմանադրության քննարկվող դրույթը խախտում է իրենց կրոնական ցգացմունքները: Սակայն դատական միջնորդության մեջ նրանք մատնացույց չեն արել, որ դա իրենց վրա որեւէ գործնական ազդեցություն է ունեցել»,-ասվում է դատարանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2009թ. կայացած հանրաքվեի արդյունքում Շվեյցարիայում արգելվել է մինարեների կառուցումը:




























