Կանադայում իննօրյա տուրնեից  հետո, Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը եւ նրա կինը`Քեթրինը ժամանել են Լոս-Անջելես: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին»,  հերցոգների շքախմբի այցելությունը Կալիֆորնիա առաջին պաշտոնական ուղեւորությունն է ԱՄՆ, իսկ Քեթրինի համար` առաջին այցը ԱՄՆ:

Լոս-Անջելեսի օդանավակայանում նորապսակներին դիմավորել է Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը իր կնոջ` Էննի հետ: Ուիլյամն ու Քեյթն, ըստ նախատեսվածի, պետք է մի շարք հանդիպումներ ունենան տեղի գործարարների եւ հայտնի բարեգործների հետ, իսկ երեկոյան նրանք կմասնակցեն Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսի հետ հանդիպմանը, ում հարկի ներքո էլ կգիշերեն:

REUTERS-ի տվյալներով` արքայազն Ուիլյամը կգլխավորի Սանտա-Բարբարայի պոլո-ակումբի թիմերից մեկը, իսկ Քեթրինը կստանձնի բարեգործական նպատակով միմյանց հետ մրցող թիմերից հաղթողին մրցանակ շնորհելու առաքելությունը:  

Երեկոյան հերցոգ ու հերցոգուհի Քեմբրիջները կքայլեն կարմիր գորգի վրայով, եւ կմասնակցեն Բրիտանական ակադեմիայում կազմակերպված կինո եւ հեռուստամշակույթի ցուցադրության արարողությանը` ի պատիվ 42 երիտասարդ բրիտանացի ռեժիսորների:

Իսկ արդեն հուլիսի 11-ին Ուիլյամն ու Քեթրինը կայցենեն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար նախատեսված գեղարվեստի դպրոց, ինչից հետո կմեկնեն հայրենիք: