Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը եւ դրա հովանու ներքո ստեղծված փորձագետների խումբը հայտնում են, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է կոմայի մեջ ընկնել, եւ կոչ են անում նրան անհապաղ տեղափոխել բարձր տեխնոլոգիաների բազմամասնագիտական ​​հիվանդանոց։ Այս մասին ասվում է Վրաստանի օմբուդսմենի՝ այսօր տարածված հայտարարության մեջ, հայտնում է «Նովոստի-Գռուզիա»-ն։

Նոյեմբերի 18-ին՝ հացադուլի 49-րդ օրը, Սաակաշվիլին Գլդանիի բանտի հիվանդանոցում կորցրեց գիտակցությունը, ինչից հետո տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունք։ Նախօրեին Վրաստանի օմբուդսմենին բժիշկների խումբն այցելեց ՔԿՀ եւ զննեց հիվանդին։

Փորձագետների կարծիքով՝ երրորդ նախագահի մոտ «զարգացել է ամենածանր բարդություններից մեկը», որն առաջացել է տեւական հացադուլից՝ ջղաձգումներ, որոնք առաջացել են Վերնիկեի էնցեֆալոպաթիայի պատճառով։

Բժիշկները նշում են, որ ուղեղում կիզակետային պրոցեսների ամբողջական գնահատման համար մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) հետազոտություն է անհրաժեշտ, այդ թվում` ՄՌ վենոգրաֆիա: Նաեւ էլեկտրաէնցեֆալոգրամ (ԷԷԳ) պրոցեդուրա է առաջարկվում:

«Ելնելով այն հանգամանքից, որ վիճակը կրիտիկական է եւ հաշվի առնելով սպասվող բարդությունները` հանրային պաշտպանը եւ փորձագետների խումբը եւս մեկ անգամ կոչ են անում Արդարադատության նախարարին/Հատուկ քրեակատարողական ծառայությանը Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել աշխատանքի մեծ փորձով պատշաճ գործող բազմապրոֆիլային ​​հիվանդանոց, քանի որ ավելի լուրջ բարդություններն ակնհայտ են՝ Վերնիկեի էնցեֆալոպաթիայի կամ կոմայի հետեւանքով առաջացած էպիլեպտիկ կարգավիճակի զարգացման հավանականություն, որը կարող է մահացու լինել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 16-ին Վրաստանի օմբուդսմենը բժիշկների խումբ էր ձեւավորել` Սաակաշվիլիի առողջական վիճակին ծանոթանալու համար, ով հոկտեմբերի 1-ին ձերբակալվելուց անմիջապես հետո բանտում հացադուլ հայտարարեց։ Նույն օրը բժիշկներն այցելեցին Գլդանիի բանտի հիվանդանոց եւ հետազոտեցին նախկին նախագահին։ Բժիշկները հայտնեցին, որ հիվանդի վիճակը ծանր է եւ խորհուրդ տվեցին նրան տեղափոխել մասնավոր հիվանդանոց։
Առայժմ իշխանությունները հրաժարվում են հոսպիտալացնել Սաակաշվիլիին՝ պատճառաբանելով անվտանգության միջոցառումները: