Լրտեսության մեջ մեղադրվող ֆոտոթղթակից Գեորգի Աբդալաձեն վրացական «Ալիա» թերթի միջոցով Վրաստանի նախագահին բաց նամակով է դիմել:
Ինչպես փոխանցում է «Firstnews.Ru»-ն, նա նախագահին հարցնում է, թե որն է իր եւ իր գործընկերների մեղքը: «Պրն նախագահ, արդեն չորրորդ օրն է գտնվում եմ կալանքի տակ ձեր անմիջական կարգադրությամբ: Չորս օր է` մտածում եմ, թե ինչու եք որոշել մեզ պատժել: Դուք, իհարկե, հրաշալի գիտեք, որ մեզնից ոչ մեկը ոչ մի վատ բան չի արել: Մենք ընդամենը կատարել ենք մեր մասնագիտական պարտականությունները: Դրա համա՞ր ենք մենք պատժվում»,-նամակում հարցնում է Աբդալաձեն:
Աբդալաձեն, որն արդեն չորրորդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել, խոստացել է իրեն զոհել «հանուն ճշմարտության եւ խոսքի ազատության»: «Այստեղից ես դուրս կգամ ողջ եւ արդար կամ մեռած, բայց արդար: Ես երբեք ոչ մի այնպիսի բան չեմ արել, որը կարող էր վնասել իմ երկիրը: Դուք դա բոլորից լավ գիտեք»,- նամակում գրում է ֆոտոթղթակիցը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 4 ֆոտոթղթակիցներ` եվրոպական EPA ֆոտոգործակալության թղթակից Զուրաբ Կուրցիկիձեն, Վրաստանի նախագահի մամուլի ծառայության ֆոտոթղթակից Իրակլի Գեդենիձեն, նրա կինը` լուսանկարիչ Նատիա Գեդենիձեն եւ ԱԳՆ-ի հետ պայմանագրով աշխատող լուսանկարիչ Գեորգի Աբդալաձեն ձերբակալվել էին հուլիսի 7-ին: Նատիան ավելի ուշ ազատ էր արձակվել: Նրանց առաջադրվել է Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանք, որի համար սպառնում է 8 – 12 տարվա ազատազրկում:




























