Հայաստանյան ընտանիքներում ծնված երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար տրվող միանվագ վճարների համար 2011-ին պետությունը հատկացրել է 4 մլրդ 675 մլն դրամ, այն դեպքում, երբ 2010-ին այդ նպատակով հատկացվել է 4 մլրդ 200 մլն դրամից մի փոքր ավելի։ Հուլիսի 11-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը։
«Օգնության այս չափը, ճիշտ է, այնքան էլ մեծ չէ եւ վերարտադրողական գործընթացների խթանման տեսանկյունից Հայաստանում հսկայական անելիքներ կան, սակայն վիճակը շտկելու համար պետությունը կիրառում է մի շարք քայլեր՝ ուղղված նորաստեղծ ընտանիքների կենցաղային եւ բնակարանային պայմանների բարելավմանը։ Արդեն 3 տարի է, Հայաստանում գործում է ծննդօգնության անվճար համակարգը, պետական ծրագրեր են իրականացվում երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովելու ուղղղությամբ եւ այլն։ Օրինակ յուրաքանչյուր երրորդ եւ հաջորդ երեխայի համար պետությունը միանվագ տրամադրում է 430 հազար դրամ։ Առաջին եւ երկրորդ երեխաների համար այդ թիվը 50 հազար դրամ է»,- հիշեցրեց Բաբաջանյանը։
Անկախ փորձագետ, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն իր հերթին նկատեց, որ տարածաշրջանի մյուս երկրների ժողովրդագրական ցուցանիշների համեմատությամբ, Հայաստանն այնքան էլ նախանձելի վիճակում չէ: «Մեր սահմանակից երկրներում շարունակվում է բնակչության ընդլայնված վերատադրության գործընթացը, իսկ Հայաստանում վերարտադրությունը գնալով նեղանում է եւ խորացման միտումներ դրսեւորում։ Այս առումով մեզ հետ համեմատելի է միայն հարեւան Վրաստանը»,- նկատեց նա։
Ամփոփելով՝ փորձագետը նշեց, որ ցածր է գնահատում պետության՝ բնակչության վերարտադրողականության խթանմանն ուղղված քայլերը եւ գտնում, որ հատուկ քաղաքականություն պետք է վարվի անգամ 2-րդ երեխայի լույս աշխարհ գալը խթանելու ուղղությամբ:
Նշենք, որ համաձայն նույն տվյալների՝ հայ ընտանիքների 68 տոկոսը ցանկություն չունի մոտակա 3 տարիներին եւս մեկ երեխա ունենալ, 16 տոկոսը չի կողմնորոշվել եւ միայն 16 տոկոսն է մտադիր առաջիկա երեք տարներին զավակներ ունենալ։ Բացի այդ, Հայաստանի բնակչության ավելի քան 40 տոկոսն ասել է, որ իր ապագան այստեղ չի պատկերացնում։




























