NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Մահիր Զեյնալովի հոդվածը` հրապարակված թուրքական Today`s Zaman-ում:

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը, փորձելով ընդգծել Հայաստանի հետ հաշտվելու հնարավորությունը, մի անգամ ասել է, որ նույնիսկ դարեր շարունակ պատերազմած երկրներն այժմ խաղաղ ապրում են կողք-կողքի:

Կազանի առանցքային բանակցություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրեցին ղարաբաղյան փակուղուց առաջացող ցավը չմեղմելու համար` ակնհայտ է դառնում, որ Հեյդար Ալիեւի երազանքը նախկինի նման մնում է հեռու ապագային:

Միջազգային հանրությունը մեծ հույսեր էր կապում կազանյան հանդիպման հետ, սակայն դիտորդները չզարմացան, որ առաջնորդները չկարողացան օգտագործել խաղաղության հաստատման այս պատմական հնարավորությունը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմեց հազվագյուտ քայլի եւ բանակցություններից մեկ օր առաջ հեռախոսազրույց ունեցավ երկու առաջնորդների հետ, որպեսզի դրդի նրանց աջակցել Հիմնարար սկզբունքներին եւ «վճռական քայլ անել խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

Ադրբեջանցի անկախ քաղաքագետ Վուղար Գոջաեւն ասում է, որ նույնիսկ այդ կարգի բարձր մակարդակի դիվանագիտական ճնշումը բավարար չէ բեկում մտցնելու համար:

«Միջազգային հանրությունը հասկանում է, որ սեղանին վաղուց կոնկրետ քննարկվող շրջանակային համաձայնագիր է դրված: Այնպես որ, եկել է ժամանակը, որ հակամարտող կողմերը նվազեցնեն տարաձայնությունները Հիմնարար սկզբունքների մասին փաստաթղթի օգնությամբ: Այդ սկզբունքները կարող էին դրդել նրանց` առաջիկա տարիներին կնքել խաղաղության պայմանագիր»,– ասում է Գոջաեւը:

Ադրբեջանն ու Հայաստանն արագ մեղադրեցին միմյանց խաղաղ բանակցությունների ձախողման համար:

«Կովկասյան թողարկում. հակամարտությունների փոխակերպման ամսագրի» գլխավոր խմբագիր Ժալե Սուլթանլին հայտարարեց, որ Կազանի արդյունքները անսպասելի չէին` նշելով, որ Ադրբեջանում եւ Հայաստանում չի հասունացել միջավայր, որ առաջնորդները որեւէ քայլ անեն առաջ:

Սուլթանլիի կարծիքով, կազանյան հանդիպումը ցույց տվեց, որ թեեւ միջազգային հանրությունը կարող է կարեւոր դեր խաղալ խաղաղ գործընթացում, սակայն միջազգային հանրության կողմից խրախուսումն ու ճնշումը բավարար չէ արդյունքի հասնելու համար:

Հայաստանի հետ դարավոր թշնամությունը թաղելու անհաջող փորձում Թուրքիան երկու տարի առաջ սկսեց Հայաստանի հետ հաշտեցման գործընթացը: Չնայած ոչ համոզիչ դիվանագիտական փորձերին, Թուրքիան չկարողացավ համոզել Ադրբեջանին, որ հաշտեցումը կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ադրբեջանի անզիջում դիրքորոշումն ու հայկական սփյուռքի աճող ճնշումը հանգեցրին գործընթացի առկախմանը:

Սուլթանլին պնդում է, որ երկու գործընթացների ակտիվացումը պետք է լինի զուգահեռ, որպեսզի հաշտեցումը դրական ազդի Լեռնային Ղարաբաղի վրա:

«Եթե Ադրբեջանը սպառնալիք զգա, ապա կփորձի գործընթացը ձախողել, ինչը դարձյալ կբերի մեծ անհաջողությունների, որոնք բացասական ազդեցություն կունենան բոլոր ներքաշված կողմերի վրա»,– նշեց Սուլթանլին: