Երեւանում Ռուսաստանի դեսպանատանը Սգո գիրք է բացվել «Բուլգարիա» շոգենավի վթարի կապակցությամբ: Ռուսաստանում այսօր` հուլիսի 12-ին Սգո օր է: Երկրի բոլոր եկեղեցիներում հոգեհանգստյան պատարագ է մատուցվելու, իսկ հեռուստաալիքներն ու ռադիոկայանները հրաժարվելու են զվարճալի հաղորդումներից եւ գովազդից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, երկտախտակամած «Բուլգարիա» շոգենավը, որ կառուցվել է 1955թ. Չեխոսլովակիայում, խորտակվել է կիրակի օրը, ափից 3 կմ հեռավորության վրա: Նավը Բոլգար քաղաքից ուղեւորվում էր դեպի Կազան: Նավի վրա 208 մարդ է եղել, (այդ թվում` 148 զբոսաշրջիկ, անձնակազմի 35 անդամ, 25 չգրանցված մարդ):

Ջրից հանել են 63 դիակ: 40 մարդու, այդ թվում` կապիտանի եւ նրա կնոջ ինքնությունը պարզվել է: Փրկվել է ընդամենը 79 մարդ, մյուսների ճակատագիրն անհայտ է: Աղետի հանգամանքները պարզվում են:

«Վզգլյադի» փոխանցմամբ, գլխավոր դատախազությունում հայտնել են, որ Թաթարստանում վթարված շոգենավը վերանորոգվել է 30 տարի առաջ, եղել է վթարային վիճակում, եւ ուղեւորափոխադրումների արտոնագիր չի ունեցել:

Մեդվեդեւը հանձնարարել է համընդհանուր ստուգման ենթարկել տրանսպորտային բոլոր միջոցները Ռուսաստանում: