Երկու օր Հայաստանում գտնվելուց հետո ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանը դեռ երկար ժամանակ մղձավանջներ կունենա: Երազում նրան կայցելեն հայ լրագրողները, միշտ տալով միեւնույն հարցը. Ձեզ դո՞ւր եկավ Հայաստանը: Մամլո ասուլիսի ժամանակ տպավորություն ստեղծվեց, թե լրագրողները կամ մոռացել են նրա այցելության նպատակի մասին, կամ էլ դրան կարեւորություն չեն տալիս: Իսկ Արդանը Հայաստան էր եկել մեկ նպատակով` ներկայացնել հայ հանդիսատեսին իր երկու ռեժիսորական աշխատանքները, հատկապես լիամետրաժ «Մոխիր եւ արյուն» ֆիլմը:

Երեկ, հուլիսի 11-ին կայացավ կինոնկարի հայաստանյան ցուցադրությունը: Չի կարելի ասել, որ այն զարմացրեց փորձված հանդիսատեսին: Ամեն ինչ բավական կանխատեսելի էր. ֆիլմում արտացոլվել են դերասանուհու մակարդակը, ողջ կարդացած գրականությունն ու անտիկ թատրոնի փայլուն իմացությունը: Սակայն ֆիլմում տեղ էր գտել նաեւ նրա կանացի էությունը, թեպետ դժվար է ասել, դա լավ է, թե վատ: Անհերքելի մի փաստ կա. կինոնկարը շատ գեղեցիկ է: Եվրոպական մտածելակերպում գեղեցիկը գեղագիտական հասկացություն է, մեր պատկերացմամբ` երեւի թե հակառակը: Չնայաց, անտաղանդ ֆիլմին Արեւմուտքում ոչ ոք գեղեցիկ չի անվանի, իսկ Արդանի կինոնկարը հաստատ անտաղանդ չես անվանի: Սակայն Արդան-ռեժիսորը նույն ուժը չունի, ինչ Արդան-դերասանուհին, դա ակնհայտ է, բայց նրա կանացի մոտեցումը շատ հարցերին լրացվում է նրա զարգացածությամբ եւ ոճի բնածին զգացողությամբ:

Արդանն ի սկզբանե մտահոգվել է կինոնկարի ոճով: Հիմք վերցնելով Իսմաիլ Կադառեի «Էսքիլոսը» կամ «Մեծն պարտվողը» վեպը, նա անդրադարձել է հին հունական դրամային, արդեն սցենարի գրման ընթացքում ձգտելով պահել հունական ողբերգության ոճն ու կառուցվածքը (սցենարի համահեղինակն է Պաոլո Սորենտինոն): Օրինակ` հանդիսականը տեսնում է միայն ողբերգության կուլմինացիան եւ հանգուցալուծումը, իսկ դրամայի հիմնական գործողությունները տեղ են ունեցել շատ վաղուց, երբ գլխավոր հերոսուհին` Ժյուդիթը, կանգնելով պարտավորության եւ զգացմունքի միջեւ, ընտրում է վերջինը` իր վրա առնելով ճակատագրի նզովքը: Դաժան ճակատագիրը, հունական ողբերգության կանոնի համաձայն, զոհ է ընտրում Ժյուդիթի անմեղ դստերը, որ կոչված է իր արյունով սրբել մոր մեղքերը:

Ֆիլմի վիզուալ կողմը նույնպես ենթարկված է հիմնական գաղափարին` ստեղծել դասական ողբերգություն ժամանակակից դեկորներով: Երկու բարեկամ, բայց թշնամիացած ընտանիքների բարդ ու խճճված պատմությունը բացահայտվում է պրոտագոնիստի եւ երգչախմբի հակադրության միջոցով: Գլխավոր հերոսները ժամանակ առ ժամանակ ներկայանում են հարազատների դատին, որոնք դասավորված են մեկ շարքով: Հերոսները միայնակ են ու անպաշտպան այդ ուժի առաջ: Չի կարելի չնշել գլխավոր դերակատարուհուն` Ռոնիթ Էլկաբեցին,  որը թե իր խաղով, թե արտաքինով, լիովին համապատասխանում է ռեժիսորի մտահղացմանը:

Մի խոսքով, ֆիլմը խորն է ու ինտելեկտուալ, նուրբ ու գեղեցիկ: Այնպես որ կանացի կինոն նույնպես գոյության իրավունք ունի:

 

Սառա Նալբանդյան