Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսություն սկսելու նպատակով ձեւավորված աշխատանքային խումբը ոչ թե որոշումներ է կայացնելու, այլ փորձելու է բանակցությունների միջոցով հասկանալ ստեղծված խնդիրները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուլիսի 13-ին հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը:

«Իհարկե կարող է արտահերթ ընտրությունների հարցը եւս քննարկվի, բայց կլինեն նաեւ այլ հարցեր, քանի որ երկիրն արտահերթ ընտրություններով չես պահի»,-հայտարարել է Բոստանջյանը: Նա որպես քննարկվելիք թեմաներ նշել է արտագաղթի, երկրի զարգացման հետ կապված մի շարք խնդիրներ: Ինչ վերաբերում է երկխոսության ժամկետին, Բոստանջյանը հայտարարել է, որ դեռեւս այդ ժամկետները հստակեցված չեն, սակայն մոտակա տասը օրվա մեջ կլինի հանդիպումը:

Ասուլիսին ներկա մեկ այլ բանախոս` ՀԺԿ-ական Ֆելիքս Խաչատրյանը, ով  երկխոսության նպատակով ՀԱԿ-ի կողմից ձեւավորված պատվիրակության անդամ է, կրկին պնդել է, որ երկխոսության օրակարգը պետք է ներառի հատկապես արտահերթ ընտրությունների անցկացումը: «Հանձնաժողովը ստեղծել ենք ընդամենը մեկ հարց քննարկելու համար` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ. նաեւ բոլոր հարցերի լուծումը կապված օրինական իշխանությունների ձեւավորման հետ»,-հայտարարել է նա:

Խաչատրյանը կրկնել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն միտքը, որ Կոնգրեսի նպատակն իշխանության գալը չէ, այլ երկրում արդար ընտրությունների անցկացում ապահովելը:

Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե իշխանությունն ու ՀԱԿ-ը կարող են երկխոսել Սեւանի ափին կամ «Օջախ» ռեստորանում, Ֆելիքս Խաչատրյանն արձագանքել է. «Հիմա որ գնանք «Օջախ», վերջը լավ չի լինի: «Օջախ» կգնանք, երբ պայմանավորվենք արտահերթ ընտրությունների շուրջ»,-ասել է նա: