Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, պետության որեւէ այլ պաշտոնյա կամ քաղաքացի հայկական քիմիական հսկա «Նաիրիտի» սեփականատեր Rainoville-ի բաժնետեր չեն: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա խոսքով, ներկայումս «Նաիրիտի» սեփականատերը Rainoville ընկերությունն է, որի վերահսկիչ փաթեթը պատկանում է ԱՊՀ միջպետական բանկին:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Rainoville ընկերությունը չկարողացավ շահագործել «Նաիրիտ» գործարանը, Մովսիսյանն ասել է, դրա համար օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ կային: Որպես օբյեկտիվ պատճառներ նա նշել է գազի թանկացումը, դրամի կուրսի բարձրացումը:

Միեւնույն ժամանակ, Մովսիսյանը հիշեցրել է, որ կառավարությունը «Նաիրիտի» վերականգնման ծրագիր է մշակել, որի դեպքում քիմիական հսկան կարող  աշխատել ողջ թափով: Գործարանի նկատմամբ հետաքրքրություն է հայտնել գերմանական ՍԱՍ ընկերությունը, եւ այժմ նրա հետ բանակցություններ են վարվում: