ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հուլիսի 13-ին այցելել է Գեղարքունիքի մարզ եւ եղել «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի ծրագրով վերականգնված Մարտունու եւ Զոլաքարի պոմպակայաններում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փոխվարչապետին այցի ընթացքում զեկուցվել է, որ Զոլաքարի պոմպակայանում հիմնական աշխատանքներն ավարտված են, այն արդեն շահագործվում է: Մարտունու պոմպակայանում աշխատանքներն ավարտվել են երկրորդ աստիճանում, առաջին աստիճանում դրանք կավարտվեն առաջիկայում: Նախատեսվում է, որ պոմպակայանն արդեն պատրաստ կլինի շահագործման այս շաբաթվա վերջին:
Ա. Գեւորգյանն այցելել է նաեւ Նորադուզ եւ Ձորագյուղ համայնքներ, ծանոթացել համայնքային մանկապարտեզների շինարարական աշխատանքների ընթացքին: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով մանկապարտեզների վերանորոգման համար հատկացվել է 38 մլն-ական դրամ: Աշխատանքները մեկնարկել են այս տարվա մայիսի 10-ին եւ նախատեսված էր ավարտել նոյեմբերի 1-ին, սակայն կավարտվեն նախատեսվածից շուտ: Փոխվարչապետը Գեղարքունիքի մարզպետին եւ համայնքապետերին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել իրականացվող աշխատանքների որակը:




























