Լոնդոնի Բարձրագույն դատարանը հետաձգել է սկանդալային WikiLeaks ինտերնետ-ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժի վերաքննիչ բողոքի քննությունը, որը վերաբերում է վերջինիս` Շվեդիա էքստրադիցիայի ենթարկելուն: Որոշումը կայացվել է 2011 թ. փետրվարի 24-ին: Դատավոր Ջոն Թոմասը երկօրյա լսումներից հետո հայտարարել է, թե որոշումը կներկայացվի նամակի տեսքով, սակայն դեռեւս չի հայտնել, թե երբ: Ինչպես գրում է «Կոմերսանտը», փորձագետները ենթադրում են, որ չնայած փաստաբանների ներկայացրած բազմաթիվ փաստերին, դատարանը դժվար թե հօգուտ Ասանժի որոշում կայացնի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ասանժը ձերբակալվել էր 2010 թ. դեկտեմբերի 7 -ին Լոնդոնում` Շվեդիայի դատախազության կողմից տրամադրված թույլտվության հիման վրա: Դեկտեմբերի 16-ին նա գրավի դիմաց ազատ էր արձակվել: Շվեդիայում WikiLeaks-ի հիմնադրին մեղադրում են սեռական ոտնձգության մեջ: Ասանժը մեղքը չի ընդունում:




























