Չիլլիի նախագահ Սալվադոր Ալենդեն 1973թ. խռովության ժամանակ ինքնասպան է եղել: Այս մասին, ըստ «Էխո Մոսկվի»  ռադիոկայանի, հայտնել է  նրա դուստրը` սենատոր Իսաբել Ալենդեն փորձքննության արդյունքներն ստանալուց հետո: Փորձաքննությունը կատարվել է նախկին նախագահի մարմնի անդրշիրիմումից հետո: Ըստ պաշտոնական վարկածի, երբ Ավգուստո Պինոչետի կողմնակիցները գրոհել են նախագահական պալատը, Ալենդեն Կալաշնիկով ինքնաձիգից կրակել է իր վրա:

Սակայն շատերը կասկածի տակ են դնում ինքնասպանության վարկածը: 2011թ. սկզբին Պինոչետի կառավարման տարիներին կատարված հանցագործությունների հետաքննության շրջանակում որոշում էր կայացվել Ալենդեի աճյունի անդրշիրիմում իրականացնել: Ըստ BBC-ի` փորձաքննության արդյունքները ոչ մի կասկած չեն թողնում, որ նախկին նախագահն ինքնասպան է եղել:

Հիշեցնենք, որ Սալվադոր Ալենդեն առաջին սոցիալիստն էր, որ 1970 թ-ին զբաղեցրել էր Չիլլիի նախագահի պաշտոնը: Ալենդեն զոհվել էր 1973թ. ռազմական հեղաշրջման ժամանակ, որի  արդյունքում իշխանության էր եկել Պինոչետը: