Սաուդյան Արաբիան պատրաստվում է վաճառել Saudi Aramco ազգային նավթային ընկերության ակցիաները՝ 50 միլիարդ դոլարի չափով: Այդ մասին ուրբաթ հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Նրանց տվյալներով՝ Saudi Aramco-ի ղեկավարները բանակցություններ են վարում Էր Ռիադի ֆոնդային բորսայում հավելյալ ակցիաներ տեղադրելու մասին: Քննարկվում է նաեւ Լոնդոնի կամ Սինգապուրի ֆոնդային բորսաներում ակցիաները վաճառելու հնարավորությունը:
Ինչպես նշում է թերթը, սաուդյան իշխանությունները պատրաստվում են ավարտել արժեթղթերի վաճառքը մինչեւ տարեվերջ կամ հաջորդ տարվա սկիզբ: Այդ փաթեթը կազմում է Saudi Aramco-ի բոլոր ակցիաների 2,5 տոկոսը: Պարբերականը նշում է, որ այդ քայլը թագավորության ռազմավարության մասն է, որը մշակվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի կողմից երկրի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու նպատակով: Saudi Aramco-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:
Saudi Aramco-ն համարվում է աշխարհում խոշորագույն նավթային ընկերություն նավթահայթայթման եւ նավթային պաշարների չափով: Այն ապահովում է սաուդյան բյուջեի եկամուտների մինչեւ 80 տոկոսը: 2019 թվականի դեկտեմբերին Saudi Aramco-ն անցկացրել է աշխարհում խոշորագույն IPO-ն (ակցիաների նախնական հրապարակային տեղադրում), որի ընթացքում կատարվել է քառակի վերագրանցում ակցիաների համար: Ներդրողներին ընդամենն առաջարկվել է ակցիաների 1,5 տոկոսը, տեղադրման արժքեը կազմել է 32 սաուդյան ռիալ մեկ ակցիայի դիմաց: Հայտերի հավաքագրման ընթացքում ընկերությունը գնահատվել է 1,7 տրիլիոն դոլար: Արդյունքում այն հավաքել է 29,4 միլիարդ դոլար:





























