Հայաստանում 2011թ առաջին կիսամյակի ընթացքում 3003 քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն է տրվել, մինչդեռ 2010թ 8 ամիսների ընթացքում այդ թիվն ընդամենը 2812 էր: Այս տարվա տվյալները NEWS.am-ին տրամադրել է Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը` ի պատասխան մեր հարցման: Իսկ 2010թ տվյալները նախորդ տարի սեպտեմբերին կայացած ասուլիսի ժամանակ հայտնել էր ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը:

Նշենք, որ 1998թ ընդունված  «Զենքի մասին» օրենքով` 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին իրավունք ունի ձեռք բերել քաղաքացիական զենքի տեսակներ, բայց ոչ ծառայողական կամ մարտական: Զենք ձեռք բերելու իրավունքն ստանալու համար քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք բնակության վայրից, հաշվառման վայրից, անձը հաստատող, առողջության մասին փաստաթղթեր, իսկ դատվածության մասին փաստաթուղթը կամ դրա բացակայությունն ապահովում է ՀՀ ոստիկանությունը:  Ձեռք բերված զենքը պետք է պահվի կողմնակի անձանց հասանելիությունը բացառող պայմաններում: Զենք վաճառող խանութներից մեզ հայտնել էին, որ զենք ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռք բերման համար անհրաժեշտ կլինի մոտ 20.000 դրամ եւ  իհարկե զենք գնելու համար անհրաժեշտ գումարը:

Իսկ զենքերի գները, ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սկսվում են 80 հազար դրամից եւ կարող են հասնել մինչեւ միլիոնների: Զենք ներկրելու եւ վաճառելու լիցենզիան տրամադրում է ՀՀ ոստիկանությունը: Հայաստանում հաշվառված են զենքի առեւտուր իրականացնող 15 կազմակերպություններ, (նախորդ տարի 16-ն էին), որոնք զենքերը ներկրում են Եվրոպայից, ՌԴ-ից, Վրաստանից եւ Թուրքիայից:

Ոստիկանության`NEWS.am-ին տրամադրած տվյալների համաձայն, 2011թ. վեց ամիսների ընթացքում տեղի ունեցած հանցագործություններից 36-ը կատարվել է զենքի կիրառմամբ: Կարեն Մեհրաբյանի` նախորդ տարի ներկայացրած տվյալների համաձայն` 2010թ 8 ամիսների ընթացքում երկրում տեղի ունեցած 10.279 հանցագործություններից 39-ը կատարվել են զենքի կիրառությամբ: Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 469 միավոր հրազեն եւ 43 գազային եւ օդամղիչ ատրճանակ:

Հայաստանում այժմ զենք կրող 25-27 հազար քաղաքացի կա: Այս տարվա  հունիսի 29-ի դրությամբ, Հայաստանում 2103 պարգեւատրական զենք կա, իսկ նախորդ տարվա 8 ամսվա կտրվածքով այդ թիվը` 2011 էր: Ի դեպ, «Զենքի մասին» օրենքի համաձայն` զենք նվիրելու իրավունք ունի այն քաղաքացին, ով ունի այն ձեռք բերելու եւ պահելու թույլտվություն, նվեր ստացողը` նույնպես: Զենքով պարգեւատրելու իրավունք Հայաստանում ունեն ՀՀ նախագահը, վարչապետը, պաշտպանության նախարարը, ոստիկանության պետը եւ ԱԱԾ տնօրենը: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիներին կարող են պարգեւատրել այլ պետությունների ղեկավարները. պարգեւը 3-շաբաթյա ժամկետում պետք է գրանցվի ոստիկանությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը անդրադարձել էր այս թեմային եւ ներկայացրել էր մի շարք այլ մանրամասներ:

 

Պատրաստեց  Ինգա Մարտինյանը