Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւս մեկ անգամ ցուցադրել է իր երկրի զբոսաշրջային պոտենցիալը: Նա սկզբում եղել է Մեստիա առողջարանում, որտեղ սահել է լեռնադահուկներով, այնուհետեւ ուղեւորվել է Բաթումի, որտեղ ջրասուզակով սուզվել է ջրի տակ, հաղորդում է ghn.ge-ն:

Սահակաշվիլին հայտնի դահուկորդ Ալբերտո Տոմբայի հետ միասին սահել է Ուշգուլի (Սվանեթի) լեռնային տեղանքում:

Դրանից հետո, Վրաստանի նախագահը ծանոթացել է տարածաշրջանում իրականացվող վերանորոգման աշխատանքներին եւ նշել. «Մեստիան շատ շուտով բազմաթիվ տուրիստների սիրելի վայրը կդառնա, բայց այն պետք է էժան լինի ուսանողների, երիտասարդության համար: Ապրի Կոբալիան, այս նախագիծը նրա գաղափարն էր»:

Ինչ վերաբերում է Աջարիային, ապա այստեղ է աշխարհի ամենահրաշալի ծովային առողջարաններից մեկը, քանի որ մեզ մոտ «ամենաքիչ աղի, թեթեւ ու անվտանգ» ջուրն է:

«Այսօր մենք սահեցինք 4 հազար մետր բարձրության վրա, այնուհետեւ սուզվեցինք ծովի հատակը: Էլ ո՞ր երկրում կարելի է դա անել մեկ օրվա ընթացքում: Այսպիսի ջուր ոչ մի տեղ չկա: Հատկապես մաքուր է ջուրը Կվարիաթիում եւ Գոնիոյում»,- ընդգծել է Սահակաշվիլին: