«Հուլիսի 20-ին նախագահի նստավայրում տեղի ունեցած միգրացիոն քաղաքականությանը նվիրված խորհրդակցությունը խիստ կարեւոր միջոցառում էր, քանզի տպավորություն էր ստեղծվում, թե վերջին շրջանում երկրում տեղի ունեցող ժողովրդագրական գործընթացները մի տեսակ դուրս են եկել իշխանությունների ոչ միայն քաղաքական, այլեւ քարոզչական վերահսկողության դաշտից»,-գրում է «Հայոց աշխարհ»-ը` շարունակելով. «Հայաստանի «արագ դատարկվելու» շուրջ խուճապային քարոզչությունը բացասական ազդեցություն է ունենում երկրի հանրային կարծիքի վրա՝ խթանելով նոր արտագաղթը։
Բացի դրանից, խառնիխուռն ու հակասական տվյալները ադրբեջանական քարոզչության հզոր զենք են դառնում։ Վերջինս օգտագործում է նշված իրողությունը Ղարաբաղի հարցում սեփական դիրքորոշումները կարծրացնելու, բանակցային լուծումներից խուսափելու եւ իր հույսը «Հայաստանի դատարկման» վրա դնելու համար։ Մենք գործ ունենք մի երեւույթի հետ, որը երկսայրի սուր է հիշեցնում, նրան միայն մեկ կողմից մոտենալու ցանկացած փորձ հակառակ արդյունքն է ապահովում։ Այսպես. եթե պնդում ենք, որ տեղի ունեցողը ազգաբնակչության բնականոն միգրացիա է, ապա անտեսում ենք նրա տարեկան բացասական սալդոն, իսկ եթե, ընդհակառակը, առանձնացնում ենք սեզոնային, մանավանդ գարնանային թվերը, ապա գերագնահատում ենք արտագաղթի չափերը։ Պատճառն ակնհայտ է. տարվա առաջին ամիսներին Հայաստանից հեռացողների թիվը միշտ էլ գերազանցում է մեկնողներին, քանի որ մեզանում դեռեւս ԽՍՀՄ շրջանից գոյություն ունի, այսպես կոչված, «խոպանչիների» բազմամարդ խավ, իսկ աշնանը տեղի է ունենում ճիշտ հակառակը, այն է՝ ժամանողները գերազանցում են մեկնողներին։ Պրոբլեմը գոյություն ունի, սակայն նրա լուծման կարեւոր նախապայմաններից մեկը իրավիճակի ճշգրիտ գնահատականն է, որը կարող է ամբողջական դառնալ միայն 2012-ի սկզբներին նախատեսվող մարդահամարի միջոցով»։




























