«Առավոտ»-ի տեղեկություններով, երեկ ոստիկանության Մասիսի բաժին է զանգահարել Արարատի մարզի Խաչփար համայնքի ղեկավար Ղազար Մարտիրոսյանը եւ հայտնել, որ նախորդ օրվանից մի երիտասարդ է զանգահարում իրեն եւ ներկայանում հայ-կանադական բարեգործական ընկերության ղեկավար եւ ցանկանում է գյուղի դպրոցին ու մանկապարտեզին բարեգործական նպատակներով տրամադրել համակարգիչներ:

Որոշ ժամանակ անց նորից զանգահարում է եւ այս անգամ էլ առաջարկում գյուղի բնակիչներին էժան գներով տրամադրել պարարտանյութ:

Պարարտանյութը նա գյուղացիներին պետք է տար կես գնով եւ այդ ամենի դիմաց գյուղապետին խնդրում է, որպեսզի վերջինս կանխիկ վճարի 2 մլն դրամ: «Բարեբախտաբար, գյուղապետը հասկանում է, որ զանգահարողը, ոչ ավել, ոչ պակաս, մեր օրերի Օստապ Բենդերներից է:

Գյուղապետն ահազանգում է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ ստեղծվում է օպերատիվ խումբ: Երեկ կեսօրին գյուղապետի տեղակալն ու հաշվապահը գյուղում «բարեգործին» են փոխանցել 1200 ԱՄՆ դոլար եւ 115 հազար դրամ, իսկ ոստիկանությունը «զասադ է նստել» գումարը վերցնողին եւ Հանարապետության հրապարակում բռնել նրան: Ոստիկանությունում պարզվում է, որ «բարեգործը» նախկինում երեք անգամ դատված, 29-ամյա Դավիթ Գրիգորյանն է, ով մի քանի ամիսների ընթացքում հասցրել է իր ծուղակը գցել մի քանի գյուղապետերի` նրանցից հափշտակելով տարբեր չափերի գումարներ»,-տեղեկացնում  է «Առավոտ»-ը: