Թորոս Փիլիքօղլուն, ինչպես իր հայ նախնիները հարյուր տարի առաջ, ցանկանում է Օլիմպիական խաղերում ներկայացնել Թուրքիան։ Այս մասին գրում է թուրքական Hurriyet Daily News and Economic Review-ն։
18-ամյա ցատկորդը նպատակ ունի մասնակցել 2012 թվականին Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերին։
Փիլիքօղլուն մի քանի ազգային ռեկորդներ է սահմանել եւ համարվում է իր սերնդի ամենաուժեղ մարզիկներից մեկը։ «Ես դեռ ոչինչ չեմ արել, ես ավելի մեծ բարձունքների եմ ձգտում։ Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Թուրքիան: Իմ ընտանիքն այս հողի վրա է ծնվել, ես զգում եմ, որ այս հողին եմ պատկանում»,- ասել է մարզիկը։
1912 թվականին Ստոկհոլմում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ Թուրքիան ներկայացնում էին Օսմանյան կայսրության ծագումով հայ երկու մարզիկներ։ Սակայն Վահրամ Փափազյանը եւ Մկրտիչ Մկրյանը պետության կողմից փոքր աջակցություն էին ստացել եւ Օլիմպիադային մասնակցել էին սեփական միջոցներով։
Ինչպես իր նախնիները, Փիլիքօղլուն բախվում է ֆինանսական դժվարությունների։ Վերջին 11 տարում նրան մարզած ուսուցիչն ասում է, որ Փիլիքօղլուի ձեռքբերումները հնարավոր են դարձել հայ գործարար Արամ Քալենդերի շնորհիվ։
«Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Թորոսը անհավատալի հաջողությունների է հասել։ Թուրքիայի պատմության մեջ երբեք չի եղել մի թեթեւատլետ, ով Օլիմպիադայի կմասնակցի 18 տարեկանում։ Մենք պետական աջակցության ենք սպասում»,- ասել է մարզիչ Հաքան Գյունարթանը։




























