Պատասխանելով «Հայոց աշխարհ»-ի հարցին, թե  արդարացվա՞ծ է մտավախությունը, որ ՀԱԿ-ի հետ երկխոսություն ձեռնարկելով` իշխնությունը դաշտից դուրս է մղում մյուս քաղաքական ուժերին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն արձագանքել է.  «Իրոք, իշխանական կոալիցիայի եւ ՀԱԿ-ի միջեւ ծավալվող երկխոսությանը ընդդիմադիր որոշ ուժերի արձագանքներում նման մտավախություններ արծարծվում են: Այսպիսի գնահատականները ոչ միայն տարօրինակ են, այլեւ սկզբունքորեն են հակասում քաղաքական, կուսակցական համակարգի վերաբերյալ Հանրապետական կուսակցության պատկերացումներին: Հավաստիացնում եմ, որ եթե քաղաքական ուժն իր գործելաձեւով ու նպատակներով ինքն իրեն չմղի դեպի քաղաքական լուսանցք, ապա ոչ մի այլ ուժ դա անել չի կարող:

Քաղաքական երկու ուժերի միջեւ տեղի ունեցող երկխոսությունը, չեմ կարծում, թե կարող է որեւէ կերպ վնասել երրորդ կողմին: Դեռ անցյալ դեկտեմբերին, երբ նշվում էր ՀՀԿ-ի 20-ամյակը, երկրի եւ մեր կուսակցության նախագահը ուղղակիորեն շեշտեց, որ ներքաղաքական զարգացումները այլեւս ծավալվելու են համակարգային բարեփոխումների, քաղաքացիական հասարակություն ձեւավորելու, ժողովրդավարացման, բոլոր քաղաքական ուժերի միջեւ կառուցողական երկխոսության հունով:

Հայտնի է նաեւ, որ մեր այս պատրաստակամությանը բազմիցս արձագանքել եւ երկխոսության պահանջ է ներկայացրել ՀԱԿ-ը: Մենք համաձայնել ենք երկխոսություն սկսել ՀԱԿ-ի հետ, բայց նույն երկխոսությունը պատրաստ ենք ծավալել նման պահանջ ներկայացնող ցանկացած ընդդիմադիր ուժի հետ: Ակնհայտ է, որ ձեր նշած մտավախությունը, օրինակ, Դաշնակցությունը չունի: Եվ դա բնական է, քանի որ 120 տարի ակտիվ քաղաքական գործունեություն ծավալած ուժին ոչ մի բան չի կարող լուսանցք մղել:  Նույնքան բնական է, որ շատ ավելի պակաս փորձ եւ կարճ կենսագրություն ունեցող ուժերը, այդ թվում` նաեւ խորհրդարանական «Ժառանգությունը», ցանկացած դեպքում դեռ պետք է կարողանան հաստատել իրենց տեղն ու դերը քաղաքական դաշտում: «Ժառանգությունը», օրինակ, հացադուլ, խոսադուլ եւ գործադուլ արեց, բայց նախընտրեց երկխոսել ոչ թե իշխանության, այլ հանրության հետ: Այնպես որ, այստեղ ՀԱԿ-ի հետ երկխոսությունը ոչ մի նշանակություն չունի»: