Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը մի շարք վարչական շրջանների ղեկավարներին ոչ թե նվիրատվություն է արել` նրանց մեքենա նվիրելով, այլ դա բյուջեով հաստատված եւ ավագանու նիստով անցած ձեռքբերում է վարչական շրջանների համար:
«Մի բան, որ հաստատվում է բյուջեով եւ անցնում է համայնքային նիստով, ինչպե՞ս կարող է նվիրատվություն լինել»,- NEWS.am-ի հետ զրույցում այսօր` հուլիսի 23-ին, ասաց քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը: Նա կոնկրետ չնշեց, թե մեքենաները որ վարչական շրջանների ղեկավարներին է տրվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ մամուլում եղած հրապարակումների` Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող Hyundai մեքենաների վաճառքի սրահից ձեռք է բերել 5 Hyundai Sonata ավտոմեքենաներ՝ յուրաքանչյուրը 13 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ եւ նվիրաբերել է վարչական շրջանների առավել նվիրված ղեկավարներին։ Ըստ այդմ, մեքենաները բաժին են հասել Արաբկիր, Շենգավիթ, Էրեբունի եւ երկու այլ վարչական շրջանների ղեկավարներին։
Ինչ վերաբերում է մամուլում հրապարակված գումարներին, Շուշան Սարդարյանը նշեց, որ Ավագանու նիստերը բաց են եւ որոշումներն էլ հրապարկվում են:




























